ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին լրացումների նախագիծը, որով նախատեսվում է գործունեության մի շարք տեսակներ շրջանառության հարկի ռեժիմից տեղափոխել ավելացված արժեքի հարկի դաշտ։
Հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ասաց՝ նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից և շրջանառության հարկով հարկման համակարգից ընդհանուր համակարգ տեղափոխել տնտեսական գործունեության տեսակների դասակարգում նախատեսված հետևյալ գործունեության տեսակները՝
- իրավաբանական,
- հաշվապահական,
- գլխամասային գրասենյակների գործունեությունը,
- կառավարման հարցերով խորհրդատվությունը,
- ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը,
- աշխատուժով ապահովման այլ գործունեությունը։
Բացի այդ, առաջարկվում է սահմանափակել միկրոձեռնարկատիրության համակարգում միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով միջմարզային, ներմարզային ուղևորափոխդրումների կազմակերպումը։
2-րդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման դեպքում Հարկային օրենսգրքի կարգավորումներով ԱԱՀ-ով սահմանված բազայի որոշման առանձնահատուկ կարգավորումը կկիրառվի որոշակի բացառություններով։
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները չեն կիրառվում փաստաբանական գործունեություն իրականացնողների կողմից ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների հարկման բազայի նկատմամբ, եթե այդ ծառայությունների նույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով տվյալ բազան հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 %-ը։
Հովհաննիսյանն ասաց՝ եթե կլինի 5 %-ից ավել, միայն 5 %-ը գերազանցող մասով կկիրառվի, մյուս մասով փոփոխություններ կլինեն։
Բաբկեն Թունյանը հետևյալը նշեց․ «Որոշել ենք, որ այս փուլում ընդհանրապես մասնագիտական ծառայությունների ձեռք չենք տալիս, և իրենք ինչպես աշխատում են, այդպես էլ շարունակելու են աշխատել, բացառությամբ մի քանի տեսակների, որոնք պարոն Հովհաննիսյանը նշեց, որովհետև այդտեղ բացի փաստաբանական և հաշվապահական ծառայություններից, որոշ սողանցնքեր կարող են լինել, որոնք օրենքով պետք է փակել։ Փաստացի այս նախագծով փոփոխությամբ հիմա իրենք 5 % տոկոսի չափով անվճար ծառայություն են մատուցելու, քվոտա է տրվում»։