ՀԱՊՀ-ում գործարկվեց 4-րդ Ֆոտովոլտային կայանը՝ 150կՎտ դրվածքային հզորությամբ

Մարտի 14-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվեց 150կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայանը. այն թվով 4-րդ է ՀԱՊՀ տարածքում:

Կայանի գործարկման արարողությանը մասնակցել են ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) տնօրեն Կարեն Ասատրյանը, ուսանողներ, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմ, աշխատակիցներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

Իր ելույթի խոսքում Տիգրան Ավինյանը նշեց, որ այս ծրագրերը իրականացվում են մի քանի տասնամյակի համար, և որ Երևանի Պոոլիտեխնիկական համալսարանը ինքն արտադրի իր իսկ էլեկտրաէներգիան և էլեկտրաէներգիայի արտադրման տեսանկյունից լինի ինքնավար:

«Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը գրավել այս, թվում է, թե, տեխնոլոգիական, բայց շատ կարևոր, մարդակենտրոն ծրագրի վրա, որը միտված է տեխնոլոգիաների զարգացմանը, կանաչ էներգիայի արտադրությանը, և ամենակարևորը՝ կրթությանը: Այս բոլոր ծրագրերը իրականացվում են Պոլիտեխնիկի ուսանողների կողմից՝ նախագծումից, մինչև փաստացի իրականացում և հետագա նաև կառավարում», – ասաց քաղաքապետը:

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն էլ իր ելույթի խոսքում նշեց, որ այս գործընթացը մի քանի կարևորագույն խնդիր է լուծում:

«Առաջինը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, լինելով տեխնոլոգիական համալսարան, խրախուսում է վերականգնվող էներգիայի, կանաչ էներգիայի աղբյուրների օգտագործումը և տարածումը, առաջին հերթին՝ կրթական հաստատություններում: Երկրորդը՝ ՀԱՊՀ-ն, ունենալով Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտ, նպատակ ունի պատրաստել այնպիսի մասնագետներ, ովքեր ՀՀ-ում հենց նմանօրինակ խնդիրներ կլուծեն, և այդ խնդիրները լուծելով՝ կօգնեն, որ մասնավոր ոլորտում այն շատ ավելի արագ զարգանա», – ասաց Գոռ Վարդանյանը՝ հավելելով, որ հաջորդ կարևորագույն կոմպոնենտը այն լուրջ էներգախնայողության, ֆինանսների տեսակետից՝ համալսարանի տնտեսումների հնարավորություն է բերում:

«Այդ տնտեսված միջոցները բուհը կարողանում է ուղղել կրթության որակի բարձրացմանը, հետազոտական աշխատանքներին, ակադեմիական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը: Ծրագրված է կառուցել 750 ԿՎՏ հզորությամբ կայանների համակարգ, որն ամբողջությամբ կծածկի բուհի էներգետիկ կարիքները», – նշեց ռեկտորը:

ՀԱՊՀ մասնագետները ներկաներին ծանոթացրել են կայանի նախագծման ու աշխատանքի առանձնահատկություններին, ցուցադրել իրական ժամանակում ընթացող պրոցեսներն ու դրանց կառավարման հնարավորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել