Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատավճիռ չհրապարակվեց

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատավճիռ չհրապարակվեց:

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հայտնեց՝ որոշել է վերսկսել գործի քննությունը:

Գործի վերսկսման պատճառներից մեկը նաև Անդրանիկ Սիմոնյանի հարցաքննության հետ է կապված, լրագրողներից մեկը Վարդազարյանից հետաքրքրվեց Անդրանիկ Սիմոնյանի՝ դատարան չներկայանալու վերաբերյալ։

Վարդազարյանը պատասխանեց, որ Սիմոնյանը 3 կամ 4 անգամ ծանուցվել է, բայց չի ներկայացել դատարան․ «Այդ հիմքով մենք բազմաթիվ անգամներ նախագահող դատավորին զգուշացրել ենք, ասել ենք, հորդորել ենք, որ արդար դատաքննության իրավունքի խախտման առումով խոչընդոտ է ստեղծվում, որ ցուցմունք տված վկան պետք է գա հակընդդեմ հարցմամբ, պետք է հարցաքննվի։

Նախագահող դատավորը անտեսեց մեր հորդորները, բայց խորհրդակցական սենյակում բախվեց այդ խնդրին»։

Հարցին՝ ինչո՞ւ դատավորը դա ուշ հասկացավ, Վարդազարյանը պատասխանեց՝ չի կարող ասել․ «Ամսի 18-ին կտեսնեք՝ ինչ է տեղի ունենում, գալի՞ս է վկան, թե՞ չի գալիս դատական նիստին»։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ 2 տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո վերջինս նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է/էր Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու համար: Գործում առկա է նաև ձայնագրություն. Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և համոզելու, խնդրանքի եղանակով վերջինից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել