Հայաստանն առաջարկում է հնարավորինս արագ, շուտափույթ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի զեկույցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Հարգելի՛ գործընկերներ, ինչպես պարոն Խանդանյանը նշեց՝ ես հանդես կգամ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցով, բայց նաև հասկանում եմ, որ երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել և հայատարարություններ են հնչել, կան հարցեր և անհանգստություններ հասարակության մեջ։ Ուզում եմ նախ կարճ անդրադառնալ դրան, հետո հնարավորություն կունենան մյուս հարցերին անդրադառնալ: Եվ լրագրողներին ուզում եմ տեղեկացնել, որ եթե բաց հարցեր մնան, մտադիր եմ նիստից հետո շարունակել խոսակցությունը, կաշխատեմ մի քանի հարցերի պատասխանել: Հուսով եմ՝ այսօր հնարավորություն կունենաք ավարտելու, կաշխատեմ բաց հարցեր չմնան:

Եվ այսպես, երեկ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակացություններն ավարտված են, տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է: Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման և մեր շուրջ, Հայաստանի Հանրապետության շուրջ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ: Ինչպես նշեցի, տեքստը համաձայնեցված է, Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է հնարավորինս արագ, շուտափույթ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի ստորագրման տեղի, ժամանակի և մյուս մանրամասների շուրջ: Նաև, ինչպես ասեցի, նկատել եմ, որ ինչ-որ հարցեր են առաջացել, շահարկումներ կան: Իհարկե հանգամանալից կխոսենք ընթացքում՝ հարցուպատասխանի ժամանակ, բայց մի քանի բան ուզում եմ միանգամից ասել:

Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ քաղաքացիներ, համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված «միջանցքի» մասին: Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա: Կա երկկողմ պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում: Սա մտահոգությունների այն համատեքստի տեսանկյունից, որում ընկալում ենք «միջանցքը» և որի մասին տարբեր կողմերից պայմաններ են հնչել, պետք է, որ այս մտահոգությունը փարատվի:

Մյուս կողմից, մեր մոտեցումն ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, հրապարակային է և փոփոխություն չի կրել: Մենք ներկայացրել ենք այդ մոտեցումը, նաև տեղեկացրել ենք հանրությանը, որ մենք այդ մասին շատ կառուցողական մեր համոզմամբ երկուստեք ընդունելի առաջարկ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկը հետևյալն է. նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից: Ինչպես ողջ աշխարհը, մենք ևս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանահատման գործընթացն՝ ապահովելու բեռների սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում, այժմ էլ, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են: Ավելի ուրիշ, պարզ և ուղիղ բառերով ասեմ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են և գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո և օրենսդրությանը համապատասխան: Մենք նաև կարծում ենք, որ, ինչպես և նախկինում համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա, օրինակ՝ բեռների անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել այլ քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ:

Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են: Նաև ուզում եմ ամպայմանորեն ասել, որ լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին: Այդ մասին, բնականաբար, համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա:

Ընդհանրապես, համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա: Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում: Հայտնի է նաև, որ մենք ունենք մեր մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության մասին: Հայտնի է, որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, որ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են: Եթե նույնիսկ, իսկ մենք համոզված ենք, որ ոչ, և մենք ունենք առնվազն մեր Սահմանադրության մասով, մեր Սահմանադրական դատարանի համապատասխան դիրքորոշումը մեկ այլ առիթով՝ Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերի հաստատման, վավերացման գործընթացում Սահմանադրական դատարանի  հայտնի դիրքորոշումը, որը հստակ ուղենիշ է և փարատում է բոլոր մտահոգությունները: Բայց եթե նույնիսկ տեսականորեն, իսկապես Սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանջներ, ապա նաև մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ և վավերացմամբ, ի դեպ՝ այդ վավերացումը կրկին պետք է անցնի մեր Սահմանադրական դատարանով մեր պարագայում, մեկընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված:

Ինչևէ, ամեն դեպքում, ինչպես որևէ խաղաղության համաձայնագիր, կարծում եմ կարևոր է, որ որևէ խաղաղության համաձայնագրի պարագայում, մեր դեպքում ևս, դատողություններ անելիս հիշենք մի քանի կարևոր հանգամանք: Օրինակ՝ խաղաղության համաձայնագիր, միշտ, առնվազն ինձ հայտնի պատմությունից բոլոր դեպքերում, կամ այնքան ինչքան ես եմ տեսությունն ընկալում, խաղաղության համաձայնագրերը միշտ կնքվում են երկրների միջև, որոնք մինչ այդ վայրկյանն ունեցել են թշնամություն, միմյանց նկատմամբ թշնամանք, պատերազմ, զոհեր, և հետևաբար բարեկամների հետ խաղաղություն չեն կառուցում, բարեկամների հետ զարգացնում են հարաբերությունները: Մեր դեպքում ևս, պարզ է որ եղել է պատերազմ, եղել է տարիների թշնամանք երկու կողմից և այստեղ ուզում եմ կարևորել երկրորդ դիտարկումը խաղաղության համաձայնագրերի մասին: Ընդհանրապես, որևէ խաղաղության համաձայնագիր, համենայն դեպս պատմությունից ինձ այդպես է հայտնի, ես այլ դեպք չեմ հիշում, միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից այդպես կախարդական փայտիկով երկու երկրներին և ժողովուրդներին բարեկամներ չի դարձնում, համագործակից չի դարձնում: Իհարկե, լինում են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ զգայուն և գերզգայուն, որոնք հետո պետք է քննարկվեն, կարգավորվեն և՛ մեր խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը, և՛ ստորագրման պատրաստ տեքստը ևս այս առումով բացառություն չէ: Բայց կարևոր եմ օրինակ նշել, որ այս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք մենք և Ադրբեջանը, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց  հետո, կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու համար և հարաբերությունների վերջնական կարգավորման համար:

Օրինակ՝ մի փոքրիկ նշում անեմ այստեղ: Ես, իհարկե, հասկանում եք, հարգելի՛ գործընկերներ, որ որոշակիորեն կաշկանդված եմ բառացիորեն մեջբերելու կամ բացելու համաձայնագրի տեքստը, բայց սա նաև վարչապետն ասաց, մեծ հաշվով, բովանդակությունը հայտնի է բոլորին և ուզում եմ ասել. համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով մենք կարող ենք շարունակել քննարկումները դեպի հարաբերությունների կարգավորում:

Ի՞նչը կրկին շահարկվեց  և որոշակի անհանգստություններ առաջացրեց: Մինսկի խումբը. գիտեմ, որ կհարցնեք, հետաքրքիր է: Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը ևս հայտնի է: Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո, համենայն դեպս, այն կարևոր քայլի կատարումից հետո, ինչպիսին կլինի խաղաղության համաձայնագրի, կամ եթե ավելի ճշգրիտ նշենք, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո, կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով, արդեն փաստաթղթավորված, եթե կարելի է ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին և այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա: Մինչ այս պահը, ցավոք, մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք շարունակաբար հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեզ համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում։ Ուզում եմ նորից հստակ հայտնել մեր դիրքորոշումը. այն պահին, երբ որ մենք կունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված։

Մի մտահոգության և անհանգստության էլ հանդիպեցի. ուզում եմ վստահեցնել՝ համաձայնագրում նախատեսված, համաձայնեցված, որևէ դրույթ, որևէ պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել համաձայնագրի ստորագրումից, վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Չէի կարծում, որ այս թեմայով շահարկումներ կլինեն և անհրաժեշտություն կլինի սրան անդրադառնալ։ Իհարկե, կլինեն էլի հարցեր, կշարունակեմ նաև մեր դիրքորոշումները ներկայացնել։

Բայց ինչպես նշեցի մեր այսօր հանդիպելու առիթը կատարողականի ներկայացումն է, արտաքին գործերի նախարարության մասով զեկույցով հանդես գալն է, և կարոծում եմ, որ որքանով որ մյուս թեմաները չափազանց ակտուալ են, և ես փորձեցի մի մասին ուղղակի միանգամից անդրադառնալ, թերևս անհարգալից կլիներ Ազգային ժողովի նկատմամբ, եթե խուսափեինք բուն զեկույցից, հետևաբար խնդրում եմ զինվել համբերությամբ։ Իհարկե, ես միայն մի մասը կներկայացնեմ մեր գործունեության մենք առիթ ունեցել ենք այս մասին խոսելու, ես ինքս գոնե, և՛ բյուջետային գործընթացի շրջանակներում, և՛ նաև այս տարվա սկզբում ես հանդես եմ եկել մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին 2024 թվականի մեր գործունեության վերաբերյալ։

Ուզում եմ սկսել Կառավարության զեկույցի այն եզրակացությամբ, մեր մասով, թերևս, հիմնական եզրակացությամբ, որ նախորդ՝ 2024 թվականը, վերջին 20 տարվա ամենախաղաղ և ամենակայուն տարին է եղել մեր արտաքին անվտանգային միջավայրի և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության սահմանների համար, և սա մենք պայմանավորում ենք, իհարկե, առաջին հերթին մեր կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ, տարածաշրջանային, միջազգային ակտիվ քաղաքականությամբ: Մեր կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության անկախությունն, ինքնիշխանությունն, տարածքային ամբողջականությունն, անվտանգությունը պահպանելն ու ամրապնդելն է։ Սա թիվ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, թիվ տաս առաջնահերթությունն է: Մենք համոզված ենք, որ դրա ուղիղ և հիմնական, և եթե ոչ միակ ճանապարհը՝ Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության ապահովումն է: Ոչ այնքան այն պատճառով, որ խաղաղությունն ընդհանրապես լավ գաղափար է, հակառակը զոհեր և արյունահեղություն է ենթադրում և այլն, ոչ միայն և ոչ այնքան այն պատճառով, որ խաղաղությունն ընդհանրապես այն միջավայրն է, միակ միջավայրն է, որտեղ մարդը կարող է արարել, ապրել ուղղակի և երջանիկ լինել և զարգանալ, այլև պետք է խոստովանենք, սա էլ գաղտնիք չէ, որ խաղաղությունը մեզ համար ունի շատ կիրառական, ուղղակի գոյաբանական նշանակություն։

Նպատակին հասնելու համար կառավարությունը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, որն արտահայտվում է նաև տարածաշրջանային քաղաքականության ոլորտում` խնդիր ունենալով նախ ախտորոշել Հայաստանի Հանրապետության շուրջ առկա բացասական ագրեսիվ դրսևորումները, ապա կառավարել այդ դրսևորումները և լավ մտածված և իրականացված քաղաքականության շնորհիվ նվազեցնել բոլոր հնարավոր մարտահրավերները, ռիսկերը և հեռանկարում, իհարկե, զրոյացնել դրանք: Այստեղ չափազանց կարևոր է նշել, որ ինչպես նախկինում, այս պահին ևս և հենց այս համատեքստում, այս փուլում մեզ համար շարունակում է առանցքային մնալ քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի և կարգի տեսանկյունից: Իհարկե, մեր առաջնային ջանքերը հասկանալիորեն ուղղված են մեր տարածաշրջանին, հարաբերությունների կարգավորմանն այն հարևանների հետ, ում հետ մենք չունենք հարաբերություններ կամ ունենք թշնամանքի պատմություն, և հարաբերությունների էական զարգացումն այն հարևանների հետ, ում հետ մենք հիմա էլ ունենք շատ ջերմ, գործընկերային, հարևանային հարաբերություններ:

Իհարկե, առաջին հերթին պետք է Ադրբեջանի մասին խոսեմ, մի քանի տվյալներ ուղղակի ձեր գիտության համար։ 2024 թվականին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի 2, պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության պետական հանձնաժողովների 5, արտաքին գործերի նախարարների 5 հանդիպում: Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն, ըստ էության, ընթացել են երկկողմ ձևաչափով, բայց առիթից ուզում եմ օգտվել և երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, կողմերին, ովքեր պատրաստակամություն են շարունակաբար հայտնել հյուրընկալել մեր հանդիպումները, կազմակերպել այդ հանդիպումները:

2024 թվականի առանցքային իրադարձությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն էր, ինչը երկու երկրների անկախության պատմության մեջ տեղի էր ունենում առաջին անգամ։ Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հայտնի հատվածում իրականացվեց պետական սահմանի շուրջ 12.7 կմ հատվածի սահմանազատում-սահմանագծում, օգոստոսին ստորագրվեց երկու երկրների համապատասխան սահմանային հանձնաժողովների միջև աշխատանքների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը համապատասխան ներպետական ընթացակարգերով վավերացվեց, և ես համոզված եմ, որ սա երկու երկրների միջև սահմանի սահմանազատման գործընթացն ակնհայտորեն դնում է արդեն ինստիտուցիոնալ հիմքի վրա: Աշխատանքները շարունակվել են և այս պահին էլ շարունակվում են ընթացիկ տարում՝ 2025 թվականին: Գիտե՛ք, որ 2025 թվականի հունվարի 16-ին կայացել է հանձնաժողովների 11-րդ հանդիպումը, համաձայնություն է ձեռք բերվել սկսել սահմանի սահմանազատման աշխատանքների փուլը հյուսիսային հատվածից` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև սահմանակետից և շարժվել դեպի հարավ:

Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ մեր շարունակական քննարկումներում մշտապես ուշադրության կենտրոնում են եղել նաև այն հարցերը, որոնք դուրս են մնացել, օրինակ, խաղաղության համաձայնագրի տեքստից կամ չեն տեղավորվում սահմանազատման գործընթացում, չեն տեղավորվում ապաշրջափակման վերաբերյալ խոսակցության մեջ, և այստեղ առաջին հերթին, իհարկե, մեր ուշադրության կենտրոնում են եղել հումանիտար հարցերը, դրանց լուծման անհրաժեշտությունը: Ամբողջական կարգավորման համար մենք, ինչպես նախկինում, այժմ ևս համարում ենք, որ հումանիտար հարցերի լուծումը և, իհարկե, առաջին հերթին գերիների, պատանդառված և այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար:

Ապաշրջափակման ուղղությամբ ուղղակի ավելացնեմ, որ մենք դեռ սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին քիչ առաջ նշածս առաջարկի վերաբերյալ ու կարծում ենք, որ այս առաջարկը, եթե այն իրագործվի, լիովին համապատասխանում է և՛ երկու երկրների շահերին, և՛ տարածաշրջանային երկրների շահերին, և ավելին՝ նույնիսկ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին: Մեր մոտեցումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ու ուրախությամբ պետք է ուղղակի փաստենք, որ նախագիծն ավելի ու ավելի է հայտնի դառնում աշխարհում և կան բազմաթիվ երկրներ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ, ողջունում են «Խաղաղության խաչմերուկը», իրենց պլաններում կամ տեսլականներում կապում են «Խաղաղության խաչմերուկն» իրենց վերաբերելի և իրենց համար կարևոր տրանսպորտային հանգույցներին, այդ լոգիստիկ ծրագրերին: Մի քանի օրվա պատմություն ունեցող երկու օրինակ ուղղակի բերեմ՝ Չինաստանում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների կողմից, եղավ համապատասխան արձանագրություն, հաղորդագրություն, և այդտեղ ևս երկու կողմերը` Հայաստանը և Չինաստանը, կարևորություն հաղորդեցին «Խաղաղության խաչմերուկին»։ «Խաղաղության խաչմերուկն» արտացոլված էր նաև երկու օր առաջ Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի մեջ: Ուզում եմ ասել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը շարունակում է ճանաչողություն և ողջույններ ձեռք բերել։

Իհարկե, երբ խոսում ենք տարածաշրջանից, երկրորդ երկիրը, որին կուզենայի ուշադրություն դարձնել Թուրքիան է: Թուրքիայի հետ մեր կարգավորման գործընթացը ևս շարունակվում է։ Բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, առանցքային է սահմանների բացումը, մեր միջև նոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումը: Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումն ուղղակի կենսական նշանակություն ունի և կարող է կապ ապահովել ընդհուպ մինչև Պարսից ծոցի և Սև ծովի, նաև Միջերկրական ծովի, միջև ամբողջ տրանսպորտային շարժի մեջ առանցքային դեր ունենալ: Ունենք որոշակի պայմանավորվածություններ, պայմանավորվել ենք, օրինակ, համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը: Սա ուղղակի լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ, օդային բեռնափոխադրումների խոչընդոտների վերացում: Պայմանավորվածություններ ունենք, որոնք մինչ այս պահը կյանքի չեն կոչվել, օրինակ` երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը սահմանով, Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն։ Տեղյակ եք նաև, որ փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում, որն արդեն Կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայությունն իրականացվել է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի ուժով։ Սա, իհարկե, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանային բոլոր անցակետերն արդեն մարտի 1-ից, ընդ որում՝ բոլոր նկատի ունեմ և՛ գործող, և՛ չգործող անցակետերը, ինչպիսին, օրինակ, «Մարգարան» է, բոլոր անցակետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերը, սահմանային ծառայությունը։ Սա բոլորովին, մեղմ ասած, անկարևոր փաստ չէ։ Իհարկե, առիթից ուզում եմ օգտվել և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին մինչ այս պահն այդ ծառայությունն իրականացնելու համար։

Թուրքիայի կոնտեքստում մի քանի թվեր ևս կցանկանայի ձեր ուշադրությանը ներկայացնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի է ունեցել մեկ պաշտոնական հանդիպում Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Ես իմ գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ ունեցել եմ երկու հեռախոսազրույց և երկու հանդիպում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ և «3+3» ձևաչափով Ստամբուլում տեղի ունեցած նախարարական հանդիպման շրջանակներում: Տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի մեկական հանդիպում: Մարգար-Ալիջան անցակետում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպումը:

Մեր մյուս հարևանի` Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր շատ ակտիվ երկխոսությունը և սերտ համագործակցությունը շարունակվել է: Շատ հետաքրքիր փաստ. 2023 թվականի համեմատ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 737.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Սա 6.5% աճ է, սա ամենևին սահմանը չէ, շեմը չէ, նպատակ է դրված և ղեկավարների կողմից համապատասխան գերատեսչությունների առջև խնդիր է դրված շարունակել էականորեն ավելացնել այս թիվը։ Կուզեմ ընդգծել տրանսպորտի ուղղությունը: Կարևոր էր Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը: Ամեն առիթի դեպքում մենք, իհարկե, ընդգծում ենք, թե որքան կարևոր է և որքան ենք մենք գնահատում Իրանի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության վերաբերյալ։ Սա դիրքորոշում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հնչեցնում են:

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ողբերգական ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանի հրաժեշտի արարողությանը: Վարչապետը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը, վարչապետը երկու հանդիպում է ունեցել գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեի հետ, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Փեզեշքիանի երկու հանդիպում և մեկ հեռախոսազրույց։ Իրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է պաշտոնական այցով այցելել Իրան։ Ինքս երկու հանդիպում եմ ունեցել Իրանի նախարար Արաղչիի հետ: Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակներում վարչապետի հրավերով Հայաստան է այցելել Իրանի առաջին փոխնախագահ Արեֆի գլխավորած պատվիրակությունը։ Ընթացիկ տարվա արդեն փետրվարին ես հնարավոություն եմ ունեցել Ժնևում հանդիպել նախարար Արաղչիին, և առաջիկայում ևս սպասվում են շփումներ: Մենք սպասում ենք նախարար Արախչիին մոտ ապագայում նաև Երևանում:

Մեր 4-րդ հարևանը, ում հետ նախորդ տարի հաստատեցինք ռազմավարական գործընկերություն՝ Վրաստանն է: Իհարկե, նաև այն ժամանակ, երբ այդ փաստաթուղթը ստորագրվում և ընդունվում էր, մենք շեշտում էինք Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները, ըստ էության, մինչ այդ էլ բնույթով, բովանդակությամբ, էությամբ, ռազմավարական էին, բայց նաև մենք այժմ փաստաթուղթ ստորագրեցինք այդ մասին: Հույս ունենք, որ այս փաստաթուղթը նորից կօգնի ավելացնելու մեր գործընկերության շրջանակը։ Վարչապետները փոխադարձ պաշտոնական այցեր են ունեցել, իմ այցն է տեղի ունեցել Թբիլիսի, առաջիկայում նույնպես հանդիպումներ են նախատեսվում։ Այդ այցն արդեն իսկ փոխադարձվել է այս տարվա հունվարին: Առևտրաշրջանառությունը 333.5 միլիոն դոլարից մի փոքր ավել է, աճել է 27 %-ով 2023 թվականի համեմատ։ Սա ևս շատ, շոշափելի ցուցանիշ է և կրկին շեմը չի, սահմանը չի, տեղ կա ավելացնելու։

2024 թվականի ընթացքում պետք է նշեմ` շարունակել ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը։ Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի երկու հանդիպում, երկու հեռախոսազրույց: Տարվել են աշխատանքներ առանձին, այդ թվում` տարածաշրջանային հարցերի շուրջ՝ միակողմանի մեկնաբանություններից խուսափելու համար: Տարվա վերջում նախատեսված էր իմ այցը Ռուսաստանի Դաշնություն և հանդիպումը, շփումները իմ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։ Տեխնիկական որոշ պատճառներով այցը հետաձգվեց, բայց արդեն, ինչպես գիտեք, տեղի ունեցավ այս տարվա սկզբին` հունվարի կեսերին:

Միացյալ Նահանգների հետ տարին շատ հետաքրքիր էր, զարգացումներ եղան, եթե կարճ, ապա Երևանում անցկացվեց Հայաստանի Հանրապետություն – Ամերիկայի Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը, որին հաջորդեց արդեն այս տարվա սկզբին  Վաշինգտոնում Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը, որը, իհարկե, նշանավորեց հարաբերությունների մակարդակի բարձրացումը: Խոսվեց այն մասին, որ այս գործընկերությունը հաստատվել է և համաձայնեցվել է ամերիկյան նախորդ վարչակարգի հետ և չի շարունակվելու նոր վարչակազմի հետ։ Իհարկե, դա այդպես չի, և նաև նոր վարչակազմի ներկայացուցիչներն արդեն անցումային փուլում ընդգրկված են եղել աշխատանքներում, և հիմա կարող եք նաև, հուսամ, փաստել, որ մեր ակտիվ աշխատանքները Միացյալ Նահանգների նոր վարչակազմի` նախագահ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ շարունակվում են։ Հիշում եք վարչապետի հանդիպումը փոխնախագահ Վենսի հետ, կա աշխատանք թիմի այլ ներկայացուցիչների հետ, առաջիկայում ևս կլինեն որոշակի նորություններ, ի դեպ, նույն ռազմավարական, համագործակցության փաստաթղթով նախատեսված, որոշ բաների կյանքի կոչման ուղղությամբ:

Եվրոպական միության հետ մեր գործընկերության խորացման մասին շատ է խոսվել, նաև ձեր օրակարգում կան դրան վերաբերող հարցեր։ Մի քանի բան հիշեցնեմ կրկին, քանի որ ամփոփում ենք 2024 թվականը: Հուլիսին Եվրոպական միության խորհուրդը ընդունեց Հայաստանին խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցություն տրամադրելու և մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ որոշումները: Հատկապես վիզաների ազատականացման մասին մենք բոլորս տարիներ շարունակ խոսել ենք, ահա ունենք պաշտոնական գործընթացի՝ այդ երկխոսության մեկնարկը: Կրկին, որպեսզի ակնկալիքները ճիշտ ձևավորենք, սա մեկնարկն է միայն այդ երկխոսության, մենք մեր լավագույն ջանքերը, կգործադրենք, որպեսզի այդ երկխոսությունն արագ, դինամիկ, հնարավորինս ընթանա, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք գործընթացի հետ և այնպես չի, որ հաջորդ ամիս կունենանք արդեն արդյունքներ: Սովորաբար տարիներ են տևում այս պրոցեսները։

Խաղաղության եվրոպական գործիքի վերաբերյալ էլ ասեմ, որ սա առաջին  անգամ էր, աննախադեպ էր, այս պահին էլ Եվրոպական միությունում համապատասխան, օղակներում քննարկվում է այս տարի ևս մեզ այդ գործիքի ներքո աջակցություն տրամադրելու հարցը:  «Եվրաջասթի» հետ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց. սա նորից ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի և կընդլայնի մեր համապատասխան իրավապահ համակարգերի միջև գործակցությունը: Չափազանց կարևոր փաստ՝ 2024 թվականին շարունակել է իր գործունեությունը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի երկայնքով Եվրոպական միության քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը: 2025 թվականի հունվարի 30-ին, այս տարվա սկզբին, Եվրոպական միության որոշմամբ առաքելության գործունեությունն երկարացվեց ևս երկու տարով: ԵՄ-ն Հայաստանին ներկայացրեց 2024-2027 թվականների համար նախատեսված «Դիմակայունություն և աճ» ծրագիրը՝ միտված Հայաստանի տնտեսական, էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումային հոսքերի խթանմանը։

Հիշո՞ւմ եք, մենք Եվրոպական միության հետ ունենք մեր ՀԸԳՀ համաձայնագիրը, որը դեռևս, իրականություն դառնալու համար ահագին ճանապարհ ունի անցնելու, բայց այս ծրագիրը, օրինակ` «Դիմակայունությունը և աճը», գալիս է ինչ-որ առումով լրացնելու, ընդլայնելու, լայնացնելու ՀԸԳՀ համաձայնագիրը: Կա նաև երրորդ փաստաթուղթը, որը քննարկվում է, մեծամասամբ համաձայնեցված է, և առաջիկայում, հուսամ, կավարտենք աշխատանքները և կհանրայնացնենք «Հայաստան-Եվրոպական միություն նոր գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթուղթը։ Ահա այս երեք հիմնական փաստաթղթերը: Իհարկե, ՀԸԳՀ-ն վավերացված է բոլոր անդամ երկրների կողմից, ավելի ինստիտուցիոնալ է, բայց ահա այս երեք փաստաթղթերով մենք կշարունակենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ։

Եվրոպական միության երկրներից ուզում եմ անպայման առանձնացնել Ֆրանսիան: Ֆրանսիայի հետ հարաբերությունները մենք 2024 թվականի ընթացքում շարունակել ենք շատ դինամիկ խորացնել և ընդլայնել։ Կայացել է վարչապետ Փաշինյանի երեք այց Ֆրանսիա, ևս երեք անգամ հանդիպում է տեղի ունեցել բազմակողմ հարթակներում։ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ ևս ունեցել ենք երեք հանդիպում։ Տեղի է ունեցել Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան և ՀՀ պաշտպանության նախարարի այցը Ֆրանսիա: Մանրամասների մեջ չմտնելու համար ուղղակի ընդհանուր մեր տրամադրվածությունն ասեմ` Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունների մասով: Մենք այժմ աշխատում ենք արդեն իսկ գոյություն ունեցող և ավանդաբար շատ ջերմ հարաբերությունները լրացնել շատ կոնկրետ ծրագրերով, կոնկրետ համագործակցության ուղղություններով, կետերով: Որոշներն արդեն տեսանելի են, որոշները, հուսամ, տեսանելի կդառնան շատ մոտ ապագայում։ Եվրոպական մյուս երկրների հետ մեր փոխգործակցության բնույթին այս խոսքերը ևս կարելի է վերագրել:

Կուզենայի նաև առանձնացնել մեզ համար նոր, կարևոր և հետաքրքիր ուղղություն: Նոր, մի քիչ, իհարկե, վերապահումով կարելի է ասել: Խոսքը Նորդիկ-բալթյան երկրների հետ մեր համագործակցության մասին է։ Մենք կարծում ենք, որ այս համագործակցությունն էականորեն խորացնելու տեղ ունի, և մենք կոնկրետ ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ: Տեղյակ եմ, որ Ազգային ժողովն է կոնկրետ ջանքեր գործադրում այդ ուղղությամբ, տեղյակ եմ, որ տեղի է ունեցել Նորդիկ-բալթյան ութ երկրների խոսնակների, փոխխոսնակների այց Հայաստանի Հանրապետություն։ Սա իսկապես շատ կարևոր դրվագ է, և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական գործընկերներին: Ինքս հանդիպել եմ նաև այս ձևաչափով արտաքին գործերի նախարարներին, այդ հանդիպումը տեղի է ունեցել Մալթայում` ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, բայց նաև այցեր եմ կատարել Նորդիկ-բալթյան երկրներ, հինգ այդպիսի այց, ութ երկրից հինգն այցելել եմ. Լիտվա, Էստոնիա, Շվեդիա, Ֆինլանդիա և Նորվեգիա։ Իսլանդիայի նորանշանակ արտաքին գործերի նախարարի հետ վերջերս հանդիպում ունեցա Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում, Լատվիայի հետ ևս՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատանքները շարունակվել են ինչպես ավանդական մեր գործընկեր պետությունների հետ, այնպես էլ նոր հնարավորություններ ենք փորձել բացահայտել: Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո առաջին անգամ եղավ արտգործնախարարի այցը Ռիյադ, կայացել են այցեր Կատար, Բահրեյն, տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի այցը Եգիպտոս, բարձր և բարձրագույն մակարդակում երկկողմ շփումներ են ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրաքի, Լիբանանի, Ալժիրի ներկայացուցիչների հետ։ Արաբական Էմիրությունների հետ քաղաքական օրակարգից զատ, կարող եմ նշել, որ 2024 թվականի փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի և Էմիրությունների միջև քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը: Սա էականորեն նպաստել է մարդկանց շարժին երկու երկրների միջև։ Հետաքրքրական փաստ. 2023 թվականի համեմատությամբ Հայաստանից Էմիրություններ այցերն աճել են 58%-ով: Մերձավոր Արևելքի մասին խոսելիս չեմ կարող չնշել, չկարևորել՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Պաղեստինի Պետությունը 2024 թ.-ին, մարդասիրական օգնություն ենք ուղարկել Գազայի բնակչությանը։ Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում են եղել և շարունակում են մնալ Սիրիայում զարգացումները: Դամասկոսում մեր դեսպանությունը և Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով:

Արևելյան ուղղությամբ` Չինաստանի, Հնդկաստանի հետ ունենք, պետք է ասեմ` օրեցօր զարգացող համագործակցություն, որն ընդգրկում է ինչպես ավանդական ուղղություններ, ոլորտներ, այնպես էլ նոր ոլորտներ ենք բացահայտում։ Սեպտեմբերից Երևանից Չինաստան՝ Չինաստանի Ուրունչի քաղաք, գործում է ուղիղ թռիչք: Մենք աշխատում ենք և պետք է, որ շատ մոտ ապագայում կարողանանք հանրայնացնել Երևանի և Նյու Դելիի միջև ուղիղ չվերթի մեկնարկը։ Արդեն խոսեցի Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին։ Պետք է ասեմ, որ մոտ ապագայում այս ուղղությամբ ևս սպասում ենք և հուսով ենք կազդարարենք շատ հետաքրքիր զարգացումներ:

Կենտրոնական Ասիայում մենք ունենք շատ խոստումնալից գործընկերություն: Շատ հագեցած էր տարին Ղազախստանի հետ բարձրաստիճան երկխոսությամբ, այցերով՝ երկու երկրների նախագահների փոխայցելություններ եղան, արտգործնախարարի այց եղավ Երևան, ես առաջիկա օրերին պատրաստվում եմ ինքս փոխադարձ այցով այցելել Աստանա։

Մեզ համար շատ նոր, հետաքրքիր ուղղություն է Աֆրիկան։ Մենք ավանդաբար այնտեղ ներկայացված ենք եղել ամենահյուսիսում` Եգիպտոսում, վերջին տարիներին՝ նաև Եթովպիայում։ Ուզում եմ ասել, որ մենք շարունակելու ենք հետաքրքրված լինել, փորձելու ենք այլ երկրներում ևս ներկայություն ապահովել։ Իհարկե, հասկանում եք, որ նաև այս ամենը երբեմն, ցավոք սրտի, հանգում է ոչ միայն քաղաքական որոշումների և նախընտրումների, այլև զուտ ֆինանսական ռեսուրսների։

Լատինական Ամերիկայի հետ ավանդաբար բարեկամական փոխգործակցություն ունենք, այցելեցի Արգենտինա և Ուրուգվայ, այս տարի արդեն տեսանք նաև նախագահի այցը լատինաամերիկյան երկրներ:

Գրասենյակներ ենք բացել Սերբիայում և Լյուքսեմբուրգում։ Այս տարի, առաջ անցնելով նշեմ, գուցե հետաքրքրի, դեսպանություններ ենք բացելու Կիպրոսում և Հունգարիայում: Նաև ծրագրեր ունենք մերձավորարևելյան երկրների մասով, սակայն չեմ շտապի ազդարարել։

Բազմակողմ հարթակներն, իհարկե, մեր ամենակարևոր ուղղություններից են նաև: 2024 թվականի համար կառանձնացնեի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։ Հայաստանում շատերն արդեն ուշադրություն չեն դարձնում և մոռացության են փորձում մատնել, բայց տեղի է ունեցել մի չափազանց կարևոր իրադարձություն Հայաստանի համար՝ Հայաստանը քվեարկությամբ ստացել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի համաժողովը՝ COP 17-ը, Երևանում անցկացնելու մասին որոշումը: COP 17-ը տեղի կունենա 2026 թ.-ին բայց մենք արդեն, իհարկե, սկսել ենք աշխատանքներն այդ ուղղությամբ:

Միջազգային միջոցառումներ: Չափազանց կարևոր էր «Երևանյան երկխոսությունն», այս տարի մենք նորից կունենանք և փորձելու ենք սա ավանդական դարձնել: Ունեցանք նաև «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը:

Սահմանափակվեմ այսքանով: Շնորհակալ եմ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել