Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթն սկսվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով:
Արձանագրության մեջ նշվում են դա կազմելու վայրը, ժամը, օրը, ամիսը, տարին, կազմող անձի պաշտոնը և ազգանունը, վկաների (եթե այդպիսիք կան) անունները, ազգանունները, հասցեները, մաքսային կանոնները խախտած անձի ինքնությունը հաստատող տվյալները, մաքսային կանոնների խախտման մանրամասն նկարագիրը և արարքի վերաբերյալ նախնական որոշումը:
Արձանագրությունն ընթերցվում է կազմողի կողմից, ընթերցում են գործողության բոլոր մասնակիցները, անհրաժեշտության դեպքում ապահովվում է թարգմանչի մասնակցությունը, պարզաբանվում են նրանց իրավունքները:
Արձանագրությունն ստորագրում են դա կազմող պաշտոնատար անձը, մաքսային կանոնների խախտում կատարողը, եթե նա ներկա է, վկաները:
Եթե խախտում կատարած անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նրա պատճառաբանությունների մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ: Արձանագրությանը կցվում է իրավախախտողի բացատրությունը:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից: Երկրորդ օրինակն ստորագրությամբ հանձնվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձին կամ ուղարկվում է նրան` ուղեկցական գրությամբ: