Առաջարկվում է Վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննիչ բողոքների քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նման նախագիծ է ներկայացրել Արդարադատության նախարարությունը։
Ամրագրելով վերաքննիչ բողոքների քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ միաժամանակ, սահմանվում են որոշ բացառություններ։ Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ վերաքննիչ բողոքների քննության ցանկացած փուլում, եթե կողմի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննիչ բողոքի քննությունն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում, ապա որոշում է կայացնում վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անկացնելու մասին, ծանուցելով այդ մասին դատավարության մասնակիցներին։
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Ընդ որում, այդ իրավունքի իրացման նվազագույն և կարևոր երաշխիքներն են հրապարակային դատաքննությունը (մասնավորապես` գործը քննող դատարանի, քննության առարկա գործի, քննության վայրի, ժամանակի, դատաքննության կարգի և այլնի մասին հրապարակային տեղեկությունները), ինչպես նաև դատական ակտի պարտադիր հրապարակումը:
Այս համատեքստում, ելնելով քննվող գործերի առանձնահատկություններից և դրանց արդար, արագ ու արդյունավետ լուծման անհրաժեշտությունից դատավարական օրենսդրությամբ առկա են գործերի դատաքննության ընթացակարգային այնպիսի ձևեր, ինչպիսիք են դատաքննության բանավոր և գրավոր ընթացակարգերը կամ բանավորության և գրավոր քննության սկզբունքները։ Գրավոր ընթացակարգի պայմաններում գործի քննությունն իրականացվում է առանց դատական նիստերի հրավիրելու և առանց «բանավոր լսումների»՝ այսինքն՝ առանց կողմերի ուղղակի մասնակցության, որը պայմանավորված է դատավարական մի շարք առանձնահատկություններով:
Գրավոր ընթացակարգով դատաքննության միջազգային իրավական (եվրոպական) պրակտիկայի և այդ բնագավառում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի բովանդակությունն ու առանձնահատկությունները վկայում են, որ դատաքննության բանավորության և գրավոր քննության սկզբունքները հավասարապես կիրառելի են արդարադատության բոլոր բնագավառներում (ընդհանուր իրավասության (քրեական և քաղաքացիական գործերով), վարչական, սահմանադրական և մասնագիտացված այլ արդարադատության)։
Վարչական դատավարությունում դատաքննության գրավոր ընթացակարգի ինստիտուտը ՀՀ իրավահամակարգում ներդրված է սահմանադրական, ինչպես նաև վարչական արդարադատության բնագավառներում և կոչված է երաշխավորելու արդար, հրապարակային դատաքննություն որոշակի առանձնահատուկ գործերով և հանգամանքներում: Դատական վերանայման ինստիտուտում ընդհանրապես, իսկ վերաքննության ինստիտուտում մասնավորապես, բողոքների գրավոր ընթացակարգերի առկայությունը ոչ միայն չի խաթարի արդար դատաքննության իրավունքի, այդ թվում հրապարակային դատավարության սկզբունքները, այլ նաև կնպաստի գործերի ողջամիտ քննության ապահովմանն ու արդյունավետ ու որակյալ արդարադատության իրականացմանը»,-նշվում է հիմնավորման մեջ։
Նախագծով սահմանվում է վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձանց կողմից կարող է ներկայացնել վերաքննիչ բողոքում կամ վերաքննիչ բողոքի պատասխանում, դրանով սահմանելով նաև վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու մասին որոշում կայացնելու ժամկետ՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո։
Նման կարգավորման նպատակը, ըստ նախարարության, վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները դատական քննության առարկա դարձնելու պարտականությունը ժամանակին իրականացնելն է՝ խուսափելով նաև դատավարական պրոցեսների անընդհատության ու ձգձգումները ռիսկերից։
«Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է, գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկելու հետ միաժամանակ բողոք բերող անձին և դատավարության մասնակիցներին դատաքննության ժամանակի ու վայրի մասին տեղեկացնելու պարտականությունը։ Այս առումով, հարկ է նկատել, որ գործող կարգավորումներն ընդհանրապես վերաբերում էին գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո դատաքննության ծանուցման վերաբերյալ կարգավորումներ։ Նման պայմաններում, նկատի ունենալով Նախագծով առաջարկվող ընդհանուր օրենսդրական կանխավարկածի ամրագրումը՝ սահմանվում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշմամբ դատաքննության ծանուցման պարտականություն, եթե, միաժամանակ, վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ դատարանը եկել է եզրահանգման։
Վերոգրյալից բացի, ինչպես նաև նկատի ունենալով քննարկված ռազմավարական նպատակների կատարման տեսանկյունից իրականացվող գործողությունները, Նախագծով սահմանվում է վերաքննիչ բողոքների քննության ժամկետ, այն է՝ ողջամիտ ժամկետ, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Հարկ է նկատել նախ, որ նմանատիպ կարգավորման առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ցույց է տվել իր արդյունավետությունն ու երկարատև դատավարական պրոցեսները արագ արդարադատության փոխակերպելու դրական կողմերը, որը ՀՀ վարչական դատավարությունում ներդնելու պայմաններում ակնկալվում է նման արդյունքներ։ Մասնավորապես, նկատի ունենալով, որ սահմանվում է ընդհանուր վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ, որի պայմաններում դատական նիստեր անցկացնելու, դատական նիստերի հետաձգումների խնդիրը կրճատվում է, և դատավարական հիմնական գործողությունները սահմանափակվելու են գործի գրավոր դատաքննության և որոշման կայացման օրվա մասին կողմերին ծանուցելու մեջ, առաջարկվող 6 ամսյա ժամկետը ողջամիտ և բավարար ժամկետ կարող է համարվել դատական ակտերի կայացման և արդարադատության արդյունավետության բարձրացման համար։
Անդրադառնալով Նախագծով առաջարկվող վճռաբեկ բողոքի վերադարձնելու հարցը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի մեկ դատավորի կազմով լուծելու իրավական հնարավորության նախատեսման հարկ է հատուկ նշել, որ վճռաբեկ բողոքի վերադարձնելու իրավական այնպիսի հիմքերի պայմաններում, որոնք իրենց բովանդակության ուղղելի թերություններ են, կարող են լուծվել մեկ դատավորի կազմից։ Դրանով նախ անհարկի ծանրաբեռնվածություն չի առաջանա Վճռաբեկ դատարանի համար, միաժամանակ, հնարավորություն կտրվի վճռաբեկ բողոքին օրենսդրությամբ ներկայացվող պահանջների ապահովման համար վճռաբեկության կարգով բողոքների քննության կոլեգիալությունն ապահովել։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին նույնանման կարգավորում է առաջարկվում քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոքը վերադարձնելու համար, որի կրկին նպատակ է հետապնդում վճռաբեկ բողոքում առկա շտկելու ենթակա թերությունների մասով դատարանների կոլեգիալ կազմով որոշում կայացնելու բեռը նվազեցնել, միաժամանակ ապահովելով առանց քննության թողնելու կամ վարույթ ընդունելը մերժելու դեպքում վճռաբեկ բողոքի քննության կոլեգիալությունը: Այս առումով, հարկ է նկատել, որ նման հնարավորություն գործող դատավարական օրենսդրությամբ նախատեսված է քրեական գործերով վճռաբեկ բողոքները վերադարձնելու վերաբերյալ, որն արդյունավետորեն կիրառվում է»,-նշվում է հիմնավորման մեջ։