Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, բավարարել է Ղարիբ Բաբայանի պաշտպանական կողմի բողոքը։ Այս մասին հայտնել է փաստաբան Աբգար Պողոսյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ա. Նիկողոսյանի, բավարարել է պաշտպանական կողմի բողոքը Ղարիբ Բաբայանին առնչվող վարույթով՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։
Այսպիսով, պարոն Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերանան»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածվել, որում ասվում էր, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ․-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ․-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։
Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ Ղարիբ Բաբայանը ձերբակալվել է։ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։