Հանրային քննարկման է ներկայացվել լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի» նախագիծը։

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել լրացուցիչ՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացը, որը ներկայում կարգավորված չէ:   

Ըստ նախագծի՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրի երաշխավորումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության կողմից՝ հիմք ընդունելով մասնագիտական փորձաքննության արդյունքները։

Ծրագրերի երաշխավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը [email protected] էլեկտրոնային փոստով ԿԳՄՍ նախարարություն է ներկայացնում դիմում-հայտ՝ կցելով համապատասխան լրացուցիչ կրթական ծրագիրը։ 

 Լրացուցիչ կրթական ծրագիրը պետք է ներառի՝

  • ծրագրի անվանումը,
  • ուղղությունը, ոլորտը, 
  • ծրագրի նպատակը, ակնկալվող վերջնարդյունքները,
  • սովորողների տարիքային խումբը,  
  • դասի անցկացման ձևաչափը՝ անհատական, խմբային, խմբում սովորողների քանակը,
  • ուսումնական պլանը (ժամաքանակը՝ գործնական, տեսական, բովանդակությունը), 
  • պահանջվող նյութատեխնիկական բազան,
  • օգտագործված գրականության ցանկը, հղումները:

Լրացուցիչ կրթական ծրագիրը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարության կողմից ներկայցվում է փորձաքննության։

Փորձաքննություն կարող են իրականացնել համապատասխան ոլորտում գործող հաստատությունները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ծրագրի բնույթով պայմանավորված տվյալ ուղղությամբ մասնագիտացված կառույցները։ Վերջինները առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված ծրագրի վերաբերյալ պետք է տան փորձագիտական եզրակացություն:

Դրական փորձագիտական եզրակացության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում ԿԳՄՍ նախարարի հրամանով լրացուցիչ կրթական ծրագիրը երաշխավորվում է՝ այդ մասին տեղեկացնելով նաև դիմողին։

Երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերը տեղադրվում են ԿԳՄՍ նախարարության կայքի համապատասխան բաժնում, ինչպես նաև ուսուցման ազգային ռեեստրում:

Բացասական փորձագիտական եզրակացության դեպքում ծրագրի երաշխավորման բացասական պատասխանը երկու աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը ներկայացնում է դիմողին՝ համապատասխան հիմնավորումներով:

Լրացուցիչ կրթական ծրագիրը լրամշակելուց հետո դիմողը կարող է կրկին երաշխավորման հայտ ներկայացնել՝ նույն ընթացակարգով:

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական մարմինների կողմից հաստատված լրացուցիչ կրթական ծրագրերը համարվում են երաշխավորված ինքնաշխատ եղանակով: Երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրի փոփոխման դեպքում հայտատուն պետք է դիմի նախարարություն՝ վերաերաշխավորման նպատակով:

Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել մինչև Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև  մարտի 25-ը ներառյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել