Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Իրանի պետական հեռուստատեսությանը։
Անդրադառնալով Իրանի և Հայաստանի հարաբերություններին՝ նա ասաց, որ այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, և սա երաշխիք է, որ 2 երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում։
«Մեր առևտրաշրջանառության աճը համարժեք է մեր տնտեսական աճին, որը բավականին բարձր է, և այս առումով ես կարծում եմ՝ մենք պետք է գոհանանք հարաբերությունների այն մակարդակից, որն ունենք և աշխատենք ավելի արդյունավետ դարձնել այդ հարաբերությունները»,-ասաց նա։
Հարցին, թե արևմտամետությունը կարող է ազդել ԻԻՀ հարաբերությունների վրա, Փաշինյանը պատասխանեց․ «Կառավարությունն իրականացնում է բալանսավորված արտաքին քաղաքականություն, այդ ձևակերպումն իսկ բացառում է «մետության» որևէ քաղաքականություն՝ արտաքին քաղաքականության ոլորտում։ ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնվում է երկրի պետական շահերի վրա»։
Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ, նաև հետևյալն ընդգծեց․ «Իրանի կայունությունը, զարգացումը և անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար։ Մենք ուզում ենք, որ Իրանից շատ զբոսաշրջիկներ գան ՀՀ։ Դա կլինի, երբ Իրանը լավ տնտեսական վիճակում լինի։ Մենք համագործակցության ավելի մեծ պոտենցիալ ունենք «Հյուսիս-Հարավ» նախագծում, որը չենք իրացնում»։