Ո՞ր դեպքերում է կիրառվում «ոչնչացում» մաքսային ռեժիմը

«Ոչնչացում» ռեժիմը կարգավորում է ապրանքների ոչնչացումը մաքսային հսկողության ներքո` դրանց հետագա օգտագործումն անհնարին դարձնելու նպատակով:

«Ոչնչացում» մաքսային ռեժիմը կիրառվում է ապրանքներ ներմուծող անձի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների.
բ) ապրանքների ոչնչացումն իրականացվում է ապրանքներ տեղափոխող անձի հաշվին:

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն «Ոչնչացում» մաքսային ռեժիմն ընտրելու դեպքում` ապրանքներ տեղափոխող անձը մաքսային մարմիններ է ներկայացնում «Ոչնչացում»մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծման համար սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագիր, որում արտացոլված տեղեկությունները սահմանված կարգով ներառվում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի տվյալների բազայում:

«Ոչնչացում» մաքսային ռեժիմով լրացված հայտարարագրի ընդունումից հետո ապրանքները հանձնվում են մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը: Հայտարարագիրն ընդունողմաքսային մարմնի ղեկավարը հայտարարագրի ընդունումից հետո մեկօրյա ժամկետում գրավոր դիմում է «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովին (այսուհետև` հանձնաժողով), որի կազմը հաստատում է Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալն է:

Ոչնչացումն իրականացվում է հանձնաժողովի կողմից ընտրված էկոլոգիապես անվտանգ եղանակով` կախված ոչնչացվող ապրանքների տեսակից:

Աշխատանքային խումբը ոչնչացման արդյունքները ձևակերպում է ոչնչացման ակտով, որում նշվում են կատարված աշխատանքների տեսակը, վայրը, ժամանակը, դրանց` հանձնաժողովի որոշման պահանջների հետ համապատասխանությունը, կատարված ծախսումների գումարի չափը և այլ տեղեկություններ: Ոչնչացման ակտն ստորագրում են աշխատանքային խմբի բոլոր անդամները: Եթե աշխատանքային խմբի անդամներից որևէ մեկն իրականացված աշխատանքների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին և կազմում է ոչնչացման ակտի անբաժանելի մասը:

Եթե աշխատանքների իրականացման տևողությունը մեկ օրվանից ավելի է, ապա ոչնչացման ակտեր են կազմվում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար:

Ոչնչացման ակտի ձևը հաստատում է հանձնաժողովի նախագահը:

Ոչնչացման ակտը կազմվում է առնվազն 5 օրինակից, որից մեկական օրինակ պարտադիր տրվում է հարկային մարմնի ներկայացուցչին, մաքսային մարմնի ներկայացուցչին, ապրանքները հայտարարագրող անձին, ոչնչացումն իրականացնող անձին և հանձնաժողովին:

Պետական կառավարման մարմինները պարտավոր են ոչնչացման ակտերը պահպանել ակտի կազմմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից առնվազն 3 տարի:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կարող կիրառվել «ոչնչացում» ռեժիմը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել