«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի աթոռին։ Գործի քննությունն այս էտապում ցույց տվեց, որ իրենք իրենց հետ դատարան կբերեն նաև Նիկոլ Փաշինյանին, Վահե Գրիգորյանին, Սահմանադրական դատարանի բազմաթիվ դատավորների»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էդգար Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ ոչ մի մարդ չի կարող խոսք ասելու համար պատժվել, բացի նրանցից, որոնց խոսքը համընկել է թշնամու ղեկավարների խոսքին։
«Այ, իրենք պետք է պատժվեն, իրենց խոսքի համար, որ իրենց խոսքով, իրենց գործողություններով իրականացրել են պետական դավաճանություն։ Մնացած բոլորը ազատ են իրենց խոսքի մեջ»,-ասաց Ղազարյանը։
Դատաքննությունն անցել է դռնփակ, Էդգար Ղազարյանի պաշտպանները միջնորդել էին, որպեսզի այն դռնբաց լինի, սակայն միջնորդությունը մերժվել է։
«Հիմքեր չկային փակ դատավարության համար, որովհետև այն ինչ խոսվում էր, խոսվում էր հանրային խոսքի մասին, որն արդեն իսկ ներկայացվել էր։ Ըստ էության՝ գաղտնիքներ չկային։ Նիստերի դահլիճն էլ հնարավորություն էր տալիս, որ ովքեր այստեղ կանգնած էին, ներկա գտնվեին դահլիճում։ Դրանից բացի, մնացած առումով դատարանը դրսևորել է պատշաճ վարքագիծ»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ առաջիկայում բողոքարկելու են նաև երկրից չբացակայելու՝ քննիչի պահանջը։
«Երեկ Քննչականում, ուզում են իմ հեռախոսը առգրավեն։ Ես, հո, ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ դուք իմ հեռախոսը առգրավեք, տանեք «քսեռոքս» անեք, բաժանեք ՔՊ-ի պատգամավորներին։ Այ քեզ բան, ի՞նչ գործ ունեք իմ հեռախոսի հետ։ Հավեսներն եկել ա, Նիկոլ Փաշինյանն ու Արփին պետք է նստեին իմ հաղորդագրությունները կարդային»,-եզրափակեց նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Էդգար Ղազարյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ինչից հետո հայտնի էր դարձել վերջինիս մեղադրանք առաջադրելու հանգամանքը, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։
Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի հատկանիշներով։ Այն է՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։