Առաջարկվում է 9 տուգանային բալային համակարգից անցում կատարել 13 տուգանային միավորների համակարգի․ ՆԳ նախարար

Կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց մեկ տարվա համար տրվող միավորների շեմը 9-ից դարձնել 13։

Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ այս նախաձեռնությունը ծնվել է պետություն-քաղաքացի երկխոսության արդյունքում: «Երթևեկության ինտենսիվացման պայմաններում հաճախ վարորդներն իրենց կամքից անկախ սպառում են հատկացված բալային միավորները, և, ըստ այդմ, չեն ունենում գործող վարորդական վկայական և չեն կարողանում իրականացնել ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումներ կամ համանման այլ գործունեություն, որոնք ունեն սոցիալական բաղադրիչ», -ընդգծել է ՆԳ նախարարը։

Նախարարի խոսքով՝ կարգավորումը թույլ կտա ճկունություն ունենալ, և այն իրավախախտումների պարագայում, որոնք կախված չեն երթևեկության անվտանգության կազմակերպման հետ, քաղաքացիները կկարողանան ավելի ազատ լինել։

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025թ. մայիսի 1-ից։ Չսպառված միավորներ ունեցող քաղաքացիների բալերի շեմը ինքնաշխատ եղանակով կդառնա 13 միավոր։ Իսկ վարելու իրավունքը կասեցված լինելու դեպքում՝ կասեցումն ավարտվելու հաջորդ օրվանից, կտրամադրվի 13 միավոր։

Ըստ Արփինե Սարգսյանի՝ 9 միավորից 13-ի անցնելու դեպքում կա կոնսենսուս, որ կխստացվեն այն խախտումների համար պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերում են անվտանգությանը․ օրինակ՝ չամրակապված վարելը, հանդիպակաց գոտի դուրս գալը, վարելիս կապի միջոցներից օգտվելը։ «Սրանք այն շեմերն են, որտեղ խիստ մոտեցում պահպանելու կարիք կա` անվտանգային բաղադրիչն ավելի վեր դասելու նպատակով», -ընդգծել է ՆԳ նախարարը։

Ներքին գործերի նախարարությունը կարևորում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումն ու անվտանգային մշակույթի ձևավորումը և հորդորում վարորդներին՝ լինել առավել զգոն՝ ապահովելով երթևեկության մասնակիցների անվտանգությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել