ՄԻԵԴ է ներկայացվել հերթական գանգատը․ փաստաբան

Դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթով ՀՀ ԲԴԽ կողմից կայացված չվերանայելու մասին որոշման կապակցությամբ ՄԻԵԴ է ներկայացվել հերթական գանգատը: Այս մասին հայտնում է փաստաբան Զորայր Հարությունյանը։

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրության բարձր աստիճանը, տեղեկացնում եմ, որ Դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթով ՀՀ ԲԴԽ կողմից կայացված չվերանայելու մասին որոշման կապակցությամբ ՄԻԵԴ է ներկայացվել հերթական գանգատը:

Գանգատով շարադրված փաստակազմով հիմնավորվել է Դատավոր Դավիթ Հարությունյանի` դատարանի մատչելիության, արդարացի և հրապարակային դատաքննության, անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի քննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները (երաշխավորված համապատասխանաբար` ՄԻԵԿ 6-րդ և 13-րդ հոդվածներով):
Հետագա զարգացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշե է նա:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 3-ին, հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապագական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»։ 

Նշենք, որ Դավիթ Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան։ Բարձր դատարանն արձանագրել էր, որ դատավորի կողմից վիճարկվող դրույթի նմանօրինակ մեկնաբանման և կիրառման հետևանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դավիթ Հարությունյանի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել