ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված 4-րդ դրվագը վերաբերում է ենթադրյալ կաշառք ստանալուն։ Վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց՝ դրվագն առնչվում է Ռազմիկ Խուրշուդյանի հետ։
Այս դրվագով ևս վճռաբեկ բողոք է ներկայացվել։
Նշենք, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը միայն այս դրվագով նշանակել էր ազատազրկում՝ 4 տարի ժամկետով։ Պատժաչափը Վերաքննիչ դատարանը չի փոխել՝ պահպանելով նույն 4 ժամկետը։
Ըստ գործի նյութերի՝ Վահագն Վեմիշյանի մոտ այցելել է Ռազմիկ Խուրշուդյանը, ծանոթների, ընկերների միջոցով, հայտնել, որ Էջմիածնում տարածք ունի, պետք է օրինականացնել։ Վերմիշյանի բացի Ռազմիկ Խուրշուդյանից, յուրաքանչյուր ուրբաթ օր իր մոտ ընդունել է բազմաթիվ քաղաքացիների։
«Պարզվել է՝ Խուրշուդյանի խնդիրը կապված է ոչ թե Քաղաքաշինության կոմիտեի, այլ համայնքի հետ, և այսքանով խոսակցությունն ավարտվել է։ Դրանից հետո, երբ մտերմիկ հարաբերություններ են ձևավորվել, Վահագն Վերմիշյանը կրկին զանգահարել է Ռազմիկ Խուրշուդյանին, ընդամենը շինանյութ է ուզել, ասել՝ քարտը փոխանցեք, ես գումարն ուղարկեմ»,-ասում է Կոչուբաևը՝ ընդգծելով, որ անհեթեթություն է այս խոսակցությունը որակել որպես կաշառքի դրվագ։
Վահագն Վերմիշյանը բազմիցս նշել է, որ բետոնի համար ինքն է վճարելու, իրեն անվճար տրամադրված բետոն պետք չէ: Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։
Ալեքսանդր Կոչուբաևը նախորդիվ դատարանում հայտարարել է, որ շենքի օրինականացում ստանալն ու դրա համար կաշառք տալը դուրս է Վերմիշյանի գործառույցներից, բացի այդ, Ռազմիկ Խուրշուդյանը հովանավորչություն չի ստացել, քանի որ փաստաթղթերում եղել են թերություններ, դրանք շտկվել են, ինչից հետո նոր փաստաթղթերը մուտքագրվել են Կոմիտե։
Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչել և արդարացում պահանջել։
Մանրամասները՝ տեսանյութում։