Վարչական դատարանը մերժել է Սարո Թովմասյանի հայցադիմումը

Ավելի վաղ հայտնել էինք, որ երգիչ Սարո Թովմասյանին զրկել են վարորդական իրավունքի վկայականից։ Նշված որոշման հիման վրա երգիչը դիմել է Վարչական դատարան և փորձում է լուծել իր վարորդական իրավունքի կասեցման հարցը։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Վարչական դատարանը որոշել է Սարո Թովմասյանի միջնորդությունը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին, մերժել:

Նշվում է, որ հայցվորը ներկայացրել է միջնորդություն, որտեղ ասվում է վիճարկվող վարչական ակտով հայցվորը զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով։ Երգիչը աշխատում է, և աշխատանքի արդյունավետ կազմակերպման և կատարման համար առաջնային պայման է հանդիսանում մեքենա վարելը, առանց որի անհնար կլինի իրականացնել աշխատանքային գործունեությունը։

Այսինքն՝ հայցվորի ընտանիքի եկամտի միակ աղբյուրը դա հայցվորի աշխատանքն է, որից վերջինս փաստացի կարող է զրկվել կապված վիճարկվող վարչական ակտի կատարման հետ, և որի արդյունքում նա չի կարողանում պատշաճ իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, ինչպես նաև հոգալ իր խնամքին գտնվող անձանց համար անհրաժեշտ մինիմալ ծախսերը։

Քննարկելով միջնորդությունը՝ դատարանը գտել է, որ այն ենթակա է մերժման։

Ասված է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները (չի ներկայացվել որևէ ապացույց) բավարար չեն արձանագրելու, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս:

Այլ կերպ ասած՝ միջնորդությամբ և կից ներկայացված փաստաթղթերով չի հիմնավորվում, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն նրա վիճակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել