Զղջո՞ւմ եք Ձեր այն հայտարարության համար, որ արցախցիները թողել, դուրս են եկել, բայց կարելի էր մնալ և պայքարել, կռվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ճեպազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց լրագրողներից մեկը։
ԱԺ նախագահը ասաց, որ խոսքը չի կարող ժողովրդի մասին լինել․ «Ես այդ մասին երեկ էլ եմ ասել, բայց այդ մասերը բաց են թողնում, կենտրոնանում են այն մասերի վրա, որի շուրջ կարելի է ինչ-որ բան կառուցել։ Ես երեկ ասել եմ՝ շատ ու շատ մարդիկ կռվել են, և շատ ու շատ մարդիկ իրենց կյանքերն են զոհել, և դրա մասին չի խոսքը»։
Սիմոնյանի դիտարկմամբ՝ բոլորը շատ լավ հասկացել են՝ ում մասին էին այդ հայտարարությունները․ «Շահրամանյանը մինչև նամակ գրելը թող պատմի՝ ոնց ա իր «ախրանիկներով» կարողացել Արցախից դուրս գալ, իսկ մնացած գործընկերները չեն կարողացել դուրս գալ, ո՞նց ա ստացվել, որ ինքը ստեղ ա հայտնվել։ Եթե ինքը ինձ հարց ունի, նամակների բաժին կա ԱԺ-ում, կարող է դիմել, և ես կքննարկեմ այդ նամակը, և, միգուցե, կարող է և պատասխանեմ։ Որևիցե այլ ձև մեկնաբանելու կարիք չկա»։
Նա ևս մեկ անգամ նշեց՝ Արցախի ժողովրդի մասին ընդհանրական որևէ բան չի ասել․ «Ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, որոնք ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա՝ իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ իրենց «ասաբնյակները», որոնք վերադառնում էին և այդ բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև իրենք իրենց ապագան և Ղարաբաղի ապագան չէին տեսնում, այլ կապում էին իրենց՝ երկրից դուրս գալու հետ: Մարդիկ, ում մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են»: