ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 11-ին, քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Այս նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին, այն նպատակ ունի քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ասաց՝ երկրորդ ընթերցմամբ Կառավարությունն առաջարկներ է ներկայացրել, որոնցով առաջարկվել է քննչական մարմինների և նրանց տեղակալների ցանկին ավելացնել նաև Գլխավոր դատախազի տեղակալներին, սահմանել, որ քննչական մարմինների ղեկավարներին և տեղակալներին վերաբերող կարգավորումները չեն կիրառվում, եթե խախտումները կապված են քրեական վարույթի շրջանակում որպես վարույթի հանրային մասնակից կատարած արարքին, իսկ Գլխավոր դատախազի տեղակալների դեպքում՝ Սահմանադրությամբ դատախազության լիազորությունների շրջանակներում կատարված արարքներին։