«Դատարաններում ունենք 270 հազար գործ, սա նշանակում է՝ 270 հազար քաղաքացի առնչվում է իրավաբանական խնդիրների հետ»․ Բաբայան

Փաստաբաններն այսօր՝ փետրվարի 10-ին հրաժարվել են ՀՀ պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Բողոքի գործողության պատճառը դարձյալ հարկային փոփոխություններն են, որոնց հետևանքով տուժելու են իրավաբանական օգնության դիմած քաղաքացիները։ Նրանք ստիված կլինեն ավելի շատ վճարել փաստաբանների ծառայության համար։

Հարցին, թե հաջորդ քայլը որն է լինելու, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ասաց՝ հաջորդ քայլը կախված է լինելու գործադիր իշխանությունից, կա կոնկրետ իրավաբանական գործընթաց, ներկայացվել է հանրագիր՝ կոնկրետ իրավաբանական պահանջով։ Գործողությունները կլինեն ավելի խիստ՝ կախված Կառավարության կողմից այդ հանրագրին ներկայացվող վերաբերմունքից։

«Այս խնդիրը ՀՀ քաղաքացուն է վերաբերում, մենք խոսում ենք իրավաբանական օգնության թանկացման մասին, անկախ նրանից՝ ով ինչ կարծիքի կլինի, ակնհայտ է՝ ՀՀ-ում իրավաբանական օգնության կարիք ունեցող քաղաքացիները շատ են։

Մենք դատարաններում ունենք 270 հազար գործ, սա նշանակում է՝ 270 հազար քաղաքացի առնչվում է իրավաբանական խնդիրների հետ, ինչը իրականացվում է ծառայություններով»,-ասաց նա։

Փաստաբան Արա Զոհրաբյանը հավելեց՝ փաստաբանական համայնքը հասարակությունից կտրված համայնք չէ, խոշոր գրասենյակներ կան, որոնք միացել են ակցիային, և կան մարդիկ, որոնք հակառակ կարծիք ունեն, բայց մեծամասնությունը կիսում է այս գաղափարն ու,  փորձում է պայքարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել