Լուրերը, թե Նաիրի Զաքարյանը կուտակած մեծ չափով պարտքեր ուներ, չեն համապատասխանում իրականությանը․ նոր մանրամասներ

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի օգնական Նաիրի Զաքարյանը ինքնասպանություն է գործել։ Լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ նման քայլի հնարավոր դրդապատճառը կուտակված պարտքերն էին։

Նաիրի Զաքարյանի մտերիմ հարազատներից մեկը կապ է հաստատել Iravaban․net-ի հետ և հայտնել, որ մամուլում տեղ գտած հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը․ «Նաիրին Մեղրիից բացակայել է գործուղված լինելու պատճառով։

Նշվում է, որ պարտքերի պատճառով է հեռացել, նման բան չի եղել։ Գործուղված է եղել, հետո նորից վերադարձել է Մեղրի, ընտանիքի հետ է եղել, նորմալ է եղել ամեն ինչ։ Հեռախոսը միշտ հասանելի է եղել, միայն այդ մի քանի ժամն է եղել, որ իրեն փորձել ենք գտնել»։

Նաիրի Զաքարյանը ապրիլի 7-ին կդառնար 31 տարեկան, ամուսնացած էր:

«Ընտանեկան հարաբերությունները շատ ջերմ էին»,-պատմեց մեր զրուցակիցը։

Տղամարդու՝ նման քայլ գործելու դրդապատճառները դեռևս հայտնի չեն, հարուցվել է քրեական վարույթ։

Պարզաբանում է տարածել նաև Մեղրիի համայնքապետարանը՝ ևս հերքելով շրջանառվող լուրերը.

«Հայտնում ենք, որ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի օգնական Նաիրի Զաքարյանի վերաբերյալ մամուլում շրջանառվող նյութերը չեն համապատասխանում իրականությանը։

Գործը քննվում է իրավապահ մարմինների կողմից և մինչև գործի քննության ավարտը խնդրում ենք զերծ մնալ անհիմն հրապարակումներից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել