Հայաստանում Եվրամիությանն անդամակցության որոշակի գործընթացների հետ կապված Ռուսաստանը որոշ անհանգստություններ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին կառավարության դրական եզրակացությունից հետո ՌԴ նախագահի հետ զրույցից մանրամասների վերաբերյալ հարցին:
Փաշինյանի խոսքով՝ զրույցի ընթացքում եղել է խոսակցություն ոչ միայն այդ թեմայով, այլ նաև ԵԱՏՄ–ում ընթացիկ գործերի և երկկողմ հարաբերությունների մասին:
«Ինչ վերաբերում է խոսակցությանը, այն է, ինչ կա: Խոսակցությունը հետևյալի մասին է՝ փաստ է, որ ավելի քան 50 հազար ՀՀ քաղաքացիներ ստորագրություն են հավաքել և կոնկրետ հարց են առաջադրել Հայաստանի ազգային ժողովին ու կառավարությանը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության հայտարարություններին»,–ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ, եթե, օրինակ, ԱԺ–ն մերժի օրենքի ընդունումը, որոշ ժամանակ անց Հայաստանում այդ հարցով պետք է անցկացվի հանրաքվե: Սահմանադրական կարգավորումներն այս առումով շատ հստակ են:
«Ինչո՞ւ են ՀՀ–ում քաղաքացիների շրջանում այդպիսի ընկալումներ ձևավորել, դա նաև Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի հետ կապված հարց է: Եվ մեր խոսակցությունը եղել է և շարունակում է մնալ սրա մասին: Ռուսաստանը, իհարկե, պրոցեսի հետ կապված որոշ անհանգստություններ ունի: Բայց մեր խոսակցությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով: Դրանք խոսակցություն, բանակցություն են, մենք դիրքորոշումներ ենք արտահայտում: Այն, որ ՌԴ–ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է: Այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ Ռուսաստանի դիրքորոշումների և քաղաքականությունների հետ կապված, դա էլ է փաստ»,–ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ փաստ է նաև այն, որ Հայաստանը շարունակում է և շարունակելու է ՌԴ–ի հետ երկխոսությունը: Փաստ է նաև այն, որ Հայաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները ԵՄ–ի հետ:
«ԵԱՏՄ–ի շրջանակներում պետք է չանել քայլեր, որն ինքնին հարցականի տակ կդնի ԵԱՏՄ–ի բովանդակությունը: Արդեն, ցավոք, եղել են քայլեր, որ մեր գնահատմամբ՝ կասկածի տակ են դրել ՀԱՊԿ–ի գործունակությունը: Եվ դա է պատճառը, որ ՀՀ–ն սառեցրել է մասնակցությունը կազմակերպությանը»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ամեն ինչ միակողմանի չէ:
Հայաստանն աշխատում է ու ամեն ինչ կանի, որ գործընկերային հարաբերություններ լինեն: Նա շեշտեց՝ որևէ մեկը չի կարող և չպետք է ժխտի ՀՀ քաղաքացիների՝ ընտրություն ունենալու իրավունքը:
Վարչապետը նաև ընդգծեց, որ օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը, դա նշանակում է, որ ՀՀ–ում կան շատ քաղաքացիներ, որոնք մտածում են, որ ԵՄ–ն ավելի լավ տարբերակ է, քան ԵԱՏՄ–ն:
Ըստ վարչապետի՝ սա ընտրանք է նաև ԵԱՏՄ–ի համար՝ ապացուցել, որ իրոք ԵՄ–ն ավելի՞ լավ տարբերակ է, թե՞ ապացուցել, որ ԵԱՏՄ–ն է ավելի լավ տարբերակ է, քան ԵՄ–ն:
Քաղաքական և հասարակական մի շարք նախաձեռնություններ ստորագրահավաք էին անցկացրել Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու հարցով։ Նրանց հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն, և հարցը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը։