Երբ խոսում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, այդ թվում նաև պետք է նշենք Ադրբեջանը․ Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով․

«Հարգելի՛ տիկին նախարար,

չափազանց ուրախ եմ այսօր Հայաստանում հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը։ Մենք, իհարկե, առիթ ունեցել ենք նախկինում հանդիպելու, դա եղել է միջազգային տարբեր հարթակներում, և սա արդեն Ձեր առաջին այցն է Հայաստան: Մեծ ուրախությամբ եմ Ձեզ հյուրընկալում և մեծ ուրախությամբ ընդունում եմ Ձեր հրավերը` այցով լինել Թբիլիսիում։

Հարգելի՛ գործընկերներ, 2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերություններն ունեցել են էական, շոշափելի առաջընթաց. մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել միմյանց հետ: Մենք նման որոշում ենք կայացրել և 2024 թվականին պաշտոնապես դարձել ռազմավարական գործընկերներ։

Պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները և՛ երկու երկրների միջև, և՛ երկու ժողովուրդների միջև դարեր ի վեր, ըստ էության, ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը, հարաբերությունների՝ արդեն պաշտոնապես այս նոր որակն, իհարկե, մեր գործընկերությունը ամրապնդելու նոր հնարավորություններ է բացում և՛ քաղաքական երկխոսության, և՛ տնտեսական համագործակցության առումով, ինչպես նաև մյուս՝ հումանիտար, կրթության, գիտության և այլ բոլոր ոլորտներում:

Մենք նախարար Բոճորիշվիլիի հետ այսօր ամփոփել ենք նախորդ տարվա ընթացքում մեր երկրների համատեղ ձեռքբերումները, նախանշել ենք առաջիկա անելիքները։ Ուրախությամբ արձանագրել ենք, որ բարձրագույն և բարձր մակարդակներով Հայաստանի և Վրաստանի միջև կա իրական լավ երկխոսություն, այդ թվում նաև՝ երկու արտաքին գործերի նախարարությունների միջև։ Իհարկե, մենք առաջնորդվել ենք նաև մեր գերատեսչական շահով. կա լավ համագործակցություն երկու արտաքին գործերի նախարարությունների միջև, կա մշտական կոնտակտ, մշտական խորհրդակցություններ, պաշտոնական խորհրդակցություններ, որոնք, ես կարծում եմ, հաջորդ անգամ հյուրընկալելու հերթը Հայաստանինն է։ Մենք ուրախությամբ դա կանենք։ Իհարկե, նաև քննարկել ենք տնտեսության հարցերը, տարանցիկ փոխադրումների հարցերը, չենք կարող չնշել այն հսկայական ներուժը, որն ունի Հարավային Կովկասը, այդ թվում՝ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը։

Երբ խոսում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, այդ թվում նաև պետք է նշենք Ադրբեջանը։ Բոլորդ տեղյակ եք այս կոնտեքստում Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունից` «Խաղաղության խաչմերուկից», որը ենթադրում է երեք երկրների միջև տնտեսական, տրանսպորտային ակտիվ համագործակցություն, ոչ միայն երեք, նաև ավելի մեծ ռեգիոնում համագործակցություն այլ երկրների մասնակցությամբ ևս: Այս ծրագրի նախաձեռնության շրջանակներում մենք արել ենք նաև մի առաջարկ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ՝ Ադրբեջանի հետ մեր բանակցությունների, հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, և իհարկե, պատրաստ ենք թե՛ այս ծրագրով, թե՛ մյուս ուղղություններով, որոնց բոլորին դուք իրականում տեղյակ եք, չեմ անդրադառնա, վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Մեր կառավարության դիրքորոշումը նույնն է. մենք նվիրված ենք և հետամուտ ենք լինելու խաղաղության օրակարգին, դա վերաբերում է, թե՛ խաղաղության պայմանագրին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը: Գիտեք՝ ձեռքբերումներ և պայմանավորվածություններ կան նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացում: Մենք հավատամք և նվիրվածություն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին, և մենք պատրաստ ենք շարունակել այս գործընթացը:

Ես եզրափակեմ: Կրկին անգամ շատ ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Հայաստանում, սիրելի՛ գործընկեր, և վստահ եմ, որ սա մեր միասին անցնելիք ճանապարհի սկիզբն է միայն»։

***

Հարց (Արմենպրես). «Պարո՛ն Միրզոյան, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հերթական անգամ խոսել է հաղորդակցությունների մասին` նշելով, որ իբր հայկական կողմը պարտավորություն ունի Ադրբեջանին տրամադրելու անխոչընդոտ երթուղի դեպի Նախիջևան, սակայն հրաժարվում իր պարտավորությունից: Ինչպիսի՞ն է հայկական կողմի արձագանքը»:

Պատասխան (Արարատ Միրզոյան). «Այստեղ նոր բան չկա. Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է. մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին, մենք ինքներս բավականին կառուցողական առաջարկներ ենք մտածել և արել Ադրբեջանին և ակնկալում ենք նաև Ադրբեջանի դրական վերաբերմունքը։ Մենք վստահ ենք, որ այն պայմաններով և ձևով, որով մենք տեսնում ենք այդ ապաշրջափակումը, իրականում մեծ տնտեսական, և ոչ միայն, օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին` Հարավային Կովկասին` Ադրբեջանին, Հայաստանին, նաև, իհարկե, Վրաստանին: Մեծ հաշվով, մեր մոտեցումներն արտացոլված են «Խաղաղության խաչմերուկում»։ Եթե ծանոթ եք, այդտեղ հիմնարար սկզբունքներ կան` երկրների տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, ենթակառուցվածքների նկատմամբ երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը` յուրաքանչյուրն իր հատվածում: Բնականաբար նաև հասկանալով, որ 21-րդ դարն ընդհանրապես պարզեցումների, լոգիստիկ անցումների հեշտացումների դար է, և բոլորը բոլորի հետ փորձում են հասնել ինչ-որ պարզեցումների: Մենք Ադրբեջանի հետ ևս, եթե և երբ կապաշրջափակվեն կապուղիները, մենք տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել և դրանից և՛ մենք, և՛ Ադրբեջանը կարող ենք միայն շահել: Այնպես որ նոր բան չեմ ասելու. մեր դիրքորոշումը մնում է ուժի մեջ։

Ինչ վերաբերում է Ձեր առաջին հարցին, թեև գործընկերոջն էր ուղղված, այնուամենայնիվ մեկ նախադասությամբ ուղղակի կասեմ` ռազմավարական գործընկերության ձեռքբերումները, կարծում եմ, մի փոքր վաղ է արձանագրել. մի քանի ամիս է, ինչ մենք այդ ձևաչափը հաստատել ենք: Բայց ընդհանրապես Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ձեռքբերումները, որոնք բնույթով միշտ ռազմավարական են եղել, լիուլի են, և թվարկելու հնարավորություն չկա»։

Պատասխանելով Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ վրացական «Imedi» լրատվամիջոցի հարցին՝ նախարար Միրզոյանը նշեց. «Սա հույժ կարևոր ձևաչափ է, բավականին ինտենսիվ են աշխատանքները, եթե ժամանակագրությունը նայեք: Նաև հանդիպումների պարբերականությունը և հաճախակիությունը խոսում են այդ մասին, և օրակարգն էլ շատ հագեցած է միշտ լինում, այս անգամ ևս: Թերևս Հանձնաժողովի մասին խոսելու իրավունքը մենք՝ երկու արտաքին գործերի նախարարներով, այնուամենայնիվ, կվերապահենք Հանձնաժողովների նախագահներին՝ երկու երկրների վարչապետերին, մենք, իհարկե, մեր մասնակցությունը կունենանք աշխատանքներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել