Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այսօր Վահե Գրիգորյանին ընտրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Հայաստանից։

«Վահե Գրիգորյանը` հավաքելով ձայների մեծամասնությունը, ընտրվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր՝ ինը տարի ժամկետով, որը սկսվում է նրա ընտրվելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դատավորներն ընտրվում են ԵԽԽՎ-ի կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր պետության կողմից առաջադրված երեք թեկնածուներից բաղկացած ցուցակից:

Նշենք, որ Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Աննա Մարգարյանի թեկնածությունները:

Վահե Գրիգորյանի կենսագրությունը։

Ծնվել է 1975 թվականի ապրիլի 20-ին Երևանում:

Կրթություն

1997 թվականին
ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2010 թվականին
ավարտել է Նոթինգեմի համալսարանը՝ ստանալով Մարդու իրավունքների մագիստրոսի կոչում:

Մասնագիտական վերապատրաստում է անցել.
2001 թվականին
Հռոմի Միջազգային զարգացման իրավունքի ինստիտուտում՝ դասընթացը «Սեփականության իրավունք և անցումային արդարադատություն» թեմայով

2007 թվականին
Վարշավայի Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամում

2009 թվականին
Վաշինգտոնի Ջոնս Հոփկինս համալսարանի Միջազգային հարաբերությունների բարձրագույն դպրոցում

2010 թվականին
Բեռլինի «Hertie» կառավարման դպրոցում

Աշխատանքային գործունեություն

2022 թվականի դեկտեմբերի 20-ին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ:

2019 թվականի հունիսի 18-ին
Հանրապետության նախագահի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:

2016 թվականից
Միջազգային քրեական դատարանում ցուցակագրված փաստաբան:

2014-2018 թթ.
հանդիսացել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ (առաքելություններ և փորձագիտական աշխատանք է իրականացրել Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում)՝ խորհրդատվություն է մատուցել ԵԽ մարմիններին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ:

2013-2019 թթ.
աշխատել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի» (European Human Rights Advocacy Centre, Լոնդոն) իրավաբան/փաստաբան և իրավական խորհրդական:

2011-2015 թթ.
զբաղվել է ազգային և միջազգային իրավական փորձագիտական գործունեությամբ՝ որպես վերապատրաստող փորձագետ պարբերաբար դասընթացներ է վարել ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ կողմից կազմակերպված Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի, ԱՊՀ պետությունների իրավաբանների, լրագրողների և դատավորների համար ՄԻԵԿ նյութական և դատավարական իրավունքների թեմաներով դասընթացներին:

2001-2019 թթ.
իրականացրել է փաստաբանական/իրավախորհրդատվական գործունեություն, դատական ներկայացուցչություն ներպետական դատարաններում (եռաստիճան դատական համակարգի ատյաններ և Սահմանադրական դատարան) և միջազգային ատյաններում (ՄԻԵԴ և ԵԽ նախարարների կոմիտե): Տարբեր կարգավիճակներով (դիմողի ներկայացուցիչ, ներկայացուցիչների խմբի անդամ կամ ներկայացուցչի խորհրդական) մասնակցել է ՄԻԵԴ-ի շրջանակներում իրականացված 80-ից ավելի դատավարությունների:

2001-2005 թթ.
եղել է «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ի իրավական խորհրդատուն, իսկ 2003 թվականից՝ գործադիր տնօրենը:

1999-2000 թթ.
աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ գրավի վարչության պետի, այնուհետև՝ իրավաբանական խորհրդատվության վարչության պետի պաշտոնում:

1996-1997 թթ.
աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան:

Այլ տվյալներ

1997-1998 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել