«Թե՞ մի պատեհ առիթով պարոն Սիմոնյանին էլ բացատրեմ, որ էս իրա թաղը չի»․ Հովիկ Աղազարյանի հարցերը անպատասխան մնացին

Հովիկ Աղազարյանը այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ շնորհավորում է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և հարց ուղղեց նրան․ «Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի սկզբում պարոն Սիմոնյանը ներկայացրեց, թե ինչպես է դա տեղի ունենում՝ հերթագրվում են, ըստ հերթականության հարցերը ուղղում են, և այլն և այլն։

Հիմա տեղի ունեցավ 2 խախտում․ նախ՝ պարոն Սիմոնյանը խնդրեց մեզ՝ գործընկերներին, որ ժամանակի մեջ տեղավորվենք, որովհետև հյուրեր ունենք, և նույնիսկ եղան պատգամավորներ, որոնք իրենց հարցը հանեցին՝ հարգելով ԱԺ նախագահի կոչը, խնդրանքը»։

Պատգամավորը հավելեց, որ Ալեն Սիմոնյանը առանց հերթագրման ձայն է տվել Խաչատուր Սուքիասյանին, նաև Հակոբ Ասլանյանի հարցը՝ ուղղված Առողջապահության նախարարին անպատասխան է մնացել․ «Պարոն Սիմոնյանն ասաց, որ հարցին կպատասխանեն գրավոր, եթե գրավոր դիմի»։

Դիմելով Սրբուհի Գալյանին՝ Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց, թե որպես Արդարադատության նախարար՝ նա որևէ խնդիր այս ամենում տեսնո՞ւմ է․ «Թե՞ մի պատեհ առիթով պարոն Սիմոնյանին էլ բացատրեմ, որ էս իրա թաղը չի»։

ԱԺ նախագահը հայտնեց, որ Կառավարության որևէ անդամին Հովիկ Աղազարյանի հարցերը չեն վերաբերում, իսկ Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղելու համար նախապես գրանցվել էր։

Հիշեցնենք՝ Հակոբ Ասլանյանի հարցը՝ ուղղված Անահիտ Ավանեսյանին, ևս անպատասխան էր մնացել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել