ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիթ Թախթ Ռավանչիին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների տեղակալներն արձանագրել են Հայաստանի և Իրանի համագործակցության բոլոր ոլորտներում առկա փոխգործակցության բարձր մակարդակը:
Անդրադառնալով երկու երկրների ընթացիկ քաղաքական երկխոսությանը՝ կարևորվել է հարգանքի և փոխադարձ վստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: Ընդգծվել է միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը:
Վահան Կոստանյանը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ: Հատկապես կարևորվել են ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտում արդեն իսկ իրականացվող նախագծերն և նախանշվող ծրագրերը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին ընդունել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին: Քննարկվել են երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում առկա ընթացիկ քաղաքական հարցեր: