Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ընդհանուր առմամբ ուսուցիչների աշխատանքի գրավչության բարձրացման կարևոր ցուցանիշ է նոր ուսուցիչների ընդգրկումը։
Այս մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն ասել է ամփոփիչ մամուլի ասուլիսում։
«Այս ուսումնական տարում ավելի քան 3300 նոր ուսուցիչներ են մուտք գործել դպրոցներ, ինչը նշանակում է՝ ուսուցիչների աշխատանքի գրավչությանը և մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները տալիս են իրենց արդյունքը: Կարևոր եմ համարում, որ նոր ուսուցիչների 56.6%-ը՝ կեսից ավելին, աշխատանքի է անցել գյուղական դպրոցներում։ Առանձին հավելավճարի ծրագրեր ունենք հենց գյուղական փոքր դպրոցների համար և հատկապես կարևորում եմ, որ նոր ուսուցիչների շուրջ 16%-ը տղամարդ ուսուցիչներ են, ինչը ավելի մեծ համամասնություն է, քան միջինում համակարգում տղամարդ ուսուցիչների տոկոսը: Սա նշանակում է, որ այս պայմանները նաև ավելի են խրախուսում տղամարդ ուսուցիչների մուտքը համակարգ: Նոր ուսուցիչները հատկապես ակտիվորեն են ներգրավվել բնագիտական առարկաների և ֆիզկուլտուրայի ուղղությամբ»,- ասել է նախարարը։