Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 30-ին ստորագրել է «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ փոփոխությունները կատարվել են Հանրային խորհրդի կազմում փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով ձևավորելու նպատակով։
Փաստահավաք հանձնաժողովը կիրականացնի ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների փաստահավաք գործունություն և կկազմի զեկույց:
«Զեկույցում բացահայտվելու են նման խախտումների համակարգային պատճառները, առաջարկություններ են ներկայացվելու նման խախտումները կանխարգելելու կամ հետևանքները վերացնելու համար, խախտումներից տուժած անձանց իրավունքները վերականգնելու կամ ճանաչելու վերաբերյալ եւ այլն»,- Ազգային ժողովում նշել է զեկուցող, Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արմենուհի Հարությունյանը` հավելելով, որ մշակվելուց հետո այն ներկայացվելու է Կառավարություն` վերջինիս իրավասությունների շրջանակում համապատասխան բարեփոխումներին ուղղված ռազմավարությունների և գործողությունների կոնկրետ ծրագրեր ընդունելու հարցը դիտարկելու նպատակով:
Հանձնաժողովն իրականացնելու է տարբեր գործառույթներ, մասնավորապես՝ տեղեկությունների հավաքագրում, նյութերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում անցկացնելու է հարցազրույցներ, լինելու են այցելություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, հրավիրվելու են հանրային լսումներ և այլն: Հանձնաժողովն ունենալու է 7 անդամ` ընտրված մրցութային բաց ընթացակարգի միջոցով: