Գործարար Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը շտապ հայտարարություն է արել, որում նշվում է․
«Գործի նախապատմությունը
Գաբրիել Չենբերջյանին առնչվող 2018 թվականի մայիսի 2-ին հարուցված քրեական գործը վեց ու կես տարի շարունակվել է առանց էական առաջընթացի: 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը, հիմնվելով բացառապես գործում առկա վաղեմի տվյալների վրա, կայացրել է Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ըստ մեղադրանքի՝ նա իբր միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարի օրինականացմանը:
2024 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները, մերժել է քննիչի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը՝ անհապաղ ազատ արձակելով Գաբրիել Չենբերջյանին: 2024 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ դատախազությունը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:
2024 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից «Հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու և դատական վարույթի իրականացման ձևի մասին» որոշումը պաշտպանական կողմին է հասու դարձել միայն 2025 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 12:30-ին՝ ոչ աշխատանքային օրը: Որոշումը ՀայՓոստ-ի գլխավոր բաժանմունք է մուտքագրվել 2025թ. հունվարի 3-ին, որից հետո ուղարկվել է թիվ 0033 բաժանմունք: Ընդ որում, որոշումը ուղարկվել է միայն պաշտպաններից մեկին, մինչդեռ ո՛չ Գաբրիել Չենբերջյանին, ո՛չ մյուս պաշտպանին որոշման օրինակներ չեն ուղարկվել:
Որոշմամբ դատարանը սահմանել է բացատրությունների, դրանք հիմնավորող նյութերի, միջնորդություների ներկայացման վերջնաժամկետ մինչև 2025 թվականի հունվարի 3-ը, իսկ գրավոր ընթացակարգով դատական ակտի կայացման օր նշանակել է 2025 թվականի հունվարի 7-ին:
Պաշտպանական խումբը հարկ է համարում արձանագրել հետևյալ էական խախտումները.
- Ստեղծվել է իրավական աբսուրդ՝ երբ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է ավելի վաղ՝ մինչև հունվարի 3-ը, քան որոշման փաստացի ստացման օրը՝ հունվարի 4-ը:
- Որոշման ուղարկման և դատական ակտի հրապարակման միջև ընկած ժամանակահատվածում գրեթե բոլոր օրերը ոչ աշխատանքային են՝
- 2024թ. դեկտեմբերի 31, 2025թ. հունվարի 1-2՝ Ամանորյա տոներ՝ ոչ աշխատանքային օրեր,
- 2025թ. հունվարի 4-5՝ ոչ աշխատանքային օրեր,
- 2025թ. հունվարի 6՝ Սուրբ Ծնունդ, ոչ աշխատանքային օր։
- Ոչ աշխատանքային օրերի պատճառով բացառված է բանկերից, պետական մարմիններից, այլ անձանից անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման հնարավորությունը՝ որոնք որոշիչ նշանակություն կարող են ունենալ Գաբրիել Չենբերջյանին մեղսագրվող արարքների բացառման, ժխտման հարցում:
- Գաբրիել Չենբերջյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնց վերաբերյալ բժշկական կենտրոնի կողմից արդեն իսկ իրականացվել է կոմպլեքս հետազոտություն, և եզրակացությունը Գաբրիել Չենբերջյանին տրամադրվելու է 2025թ. հունվարի 6-ից հետո միայն: Ժամկետների սղությամբ պայմանավորված՝ դեռևս հնարավորություն չենք ունեցել դատարանին ներկայացնել մեր վստահորդի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը:
Այս իրավիճակը լիովին հաստատում է Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի նախորդ՝ 2024թ. դեկտեմբերի 30-ի հայտարարության մեջ բարձրացված մտահոգությունները, մասնավորապես՝
- նախաքննության անհարկի շտապողականությունը,
- արդար դատաքննության իրավունքի խախտումը,
- Գաբրիել Չենբերջյանի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորություն սահմանափակումը,
- Գաբրիել Չենբերջյանի լսված լինելու իրավունքի անտեսումը,
- բանավոր դատաքննության անցկացումից անհիմն հրաժարումը։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին խնդրել ենք՝
- ողջամիտ ժամկետով հետաձգել բողոքի քննության դատական ակտի կայացման օրը,
- ապահովել Գաբրիել Չենբերջյանի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը՝ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանների բացատրությունների, դրանք հիմնավորող նյութերի, միջնորդություների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 8-ը ներառյալ,
- ապահովել Գաբրիել Չենբերջյանի լսված լինելու իրավունքի լիարժեք իրացման հնարավորությունը՝ նշանակելով բանավոր ընթացակարգով բողոքի քննություն և ապահովելով Գաբրիել Չենբերջյանի ներկայությունը։
Միքայել Համբարձումյան
Աշոտ Սիմոնյան
04.01.2025թ.»։