Ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը

Ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը հայտնել է, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով։

«Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամասներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը: Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես»,-նշված է հայտարարության մեջ։

Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ այս պահին կատարվում են վարութային եւ դատավարական գործողություններ, հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնան տեղեկատվություն տրամադրելուց․ «Միայն հաստատում ենք, որ կա ձերբակալված անձ»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել