«Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին:

«Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպված եմ ծանոթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, և դա եղել է իմ արձագանքը։

Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։

2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի։

Հազարավոր ոստիկանների և թիկնապահների ետևում թաքնված գոյատևողի՝ թաքնվելու ակնարկի մասին կցանկանայի լռել, դրա մասին ավելի խոսուն կպատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»։

Հիշեցնենք, որ վարչապետը առավոտյան գրառում էր կատարել, որում ասել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Վարչապետի գրառմանը արձագանքել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գրասենյակներից։

Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այդ հայտարարություններին, նշել էր, որ  պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել իր ասածները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել