2024 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ամփոփիչ նիստը: Հանդիպումն անցկացվեց հիբրիդային ձևաչափով՝ համատեղելով առկա մասնակցությունը Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում և հեռավար մասնակցությունը Zoom հարթակի միջոցով: Նիստին առկա ձևաչափով ներկա էին խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը, կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, անդամներ՝ Արկադի Սահակյանը, Հարություն Ալեքսանյանը։ Խորհրդի անդամներից Արփինե Հակոբյանը, Արմինե Պոդոսյանը և Արտակ Կիրակոսյանը մասնակցում էին նիստին հեռավար եղանակով։
Օրակարգում ընդգրկված էին մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ նոր անդամների ընդունումը, առաջիկա համաժողովի կազմակերպումը և կոալիցիայի դիրքորոշման հայտարարության հաստատումը: Նիստին ներկա էին նաև անդամակցության հայտ ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի նախագահ Անուշ Մարտիրոսյանը և «Թվային Հայաստան» ՀԿ-ի փոխնախագահ Արմեն Բաղդասարյանը: Նրանք ներկայացրեցին իրենց կազմակերպությունների առաքելությունն ու ձեռքբերումները՝ վստահություն հայտնելով, որ իրենց փորձառությամբ կնպաստեն կոալիցիայի նպատակների իրագործմանը:
Անդամների հաստատմանը հաջորդեց կոալիցիայի առաջիկա համաժողովի հրավիրման հարցը։ Քննարկման արդյունքում որոշվեց, որ կոալիցիայի առաջիկա համաժողովի համար նախնական ամսաթիվը։
Քննարկվեց նաև կոալիցիայի հայտարարությունը՝ նվիրված երկրում առկա իրավիճակին, հակակոռուպցիոն պայքարի մարտահրավերներին և հնարավոր ռիսկերին:
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց անդամ կազմակերպությունների գործունեության գնահատման հարցախույզի արդյունքներին և մշակվեցին առաջիկա գործողությունների ուղղությունները: Հանդիպման ավարտին խորհրդի անդամները փոխանակեցին տոնական բարեմաղթանքներ՝ միմյանց մաղթելով մասնագիտական նոր հաջողություններ գալիք տարում: