«Օրենսդրության այս փոփոխությունը կպնելու է քաղաքացու գրպանին»․ փաստաբանները՝ հարկման ընդհանուր համակարգի մասին

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։

Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

«Օրենսդրության այս փոփոխությունը, առաջին հերթին, ուղիղ կպնելու է հենց քաղաքացու գրպանին, քանի որ մենք՝ փաստաբաններս, մեր ծառայությունները մատուցում ենք վճարովի հիմունքներով և հարկաման այս ռեժիմը բերելու է ծառայությունների թանկացման՝ առնվազն 38 տոկոսով»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարինե Բաղդասարյանը։

Փաստաբան Նարեկ Գալոյանը նշում է, որ փաստաբանները գերշահույթ ստացող անձինք չեն և ահռելի բեռ ունեն։

«Հարկային բեռի ավելացումը չի հանգեցնելու պետության հարկային եկամուտների ավելացմանը, բազմաթիվ խնդիրներ է ստեղծելու»,-նշեց նա։

Փաստաբան Տաթևիկ Բուջատյանն ընդգծում է, որ խնդիրները կլուծվեն այն դեպքում, երբ վերանայվի հարկման նոր համակարգը՝ փաստաբանների նկատմամբ։

«Քաղաքացին չի կարողանալու իր իրավունքների իրացման համար դիմել մասնագետներին և ստանալ արդյունավետ օգնություն։ Ես 7 տարի հանրային պաշտպան եմ եղել և տեղյակ եմ հանրային պաշտպանի գրասենյակի գերծանրաբեռնվածությունից»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել