ՀՀ-ին կտրամադրվի 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ

««Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 89,469,000 եվրոյի չափով վարկ՝ համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Նախարարի խոսքով Ենթածրագիր 2-ի հիմանական նպատակն է խորացնել Հայաստանի ֆինանսական շուկաները եւ ուժեղացնել երկրի ֆիսկալ կառավարումը եւ կայունությունը:

Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ:

Ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավել շրջակա միջավայրի կառավարումը եւ էներգաարդյունավետությունը՝ ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ եւ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաեւ ամրապնդելով կառավարումը:

Օրենքի նախագծերը ստացել են դրական եզրակացություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել