ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։
Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:
«Փաստացի, ծառայությունների արժեքը թանկանալու է և դա ուղղակի անդրադառնալու է քաղաքացիների վրա։ Ստացվելու է իրավիճակ, որ պետությունը փաստաբանի միջոցով փորձելու է այդ ավել 40 տոկոսը վերցնել քաղաքացուց և մուտքագրել պետական բյուջե։ Չկա մի պետություն, որ հարկային բեռ դնի փաստաբանների վրա, անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Խալաթյանը։
Փաստաբան Արև Հարությունյանը նշում է, որ իրավունքների պաշտպանության հետ կապված սահմանափակումներ կլինեն։
«Մասնագիտական հանրույթի հետ քննարկումներ չեն եղել, պետք է վերլուծություններ իրականացվեին՝ հարկային բեռի ավելացման հետևանքների վերաբերյալ։ Կարծում եմ, որ որևէ վերլուծություն չի իրականացվել»,-նշեց նա։
Փաստաբան Լուսինե Վիրաբյալնն էլ ասում է, որ նշված փոփոխություններից տուժելու է արդարադատությունը, տուժելու է իրավունքի զարգացումը։
Մանրամասները՝ տեսանյութում։