Ինչպե՞ս պետք է գործարկել վառարանները

Գործող հրդեհային անվտանգության կանոնների համաձայն՝ վառարանային ջեռուցման սարքավորումների շահագործման ժամանակ չի թույլատրվում՝
1) գործող վառարանները թողնել առանց հսկողության, ինչպես նաև հսկողությունը հանձնարարել 16 տարեկանից փոքր երեխաներին,
2) վառել ածուխ, կոքս, գազ այն վառարաններում, որոնք նախատեսված չեն այդ տիպի վառելիքների համար, ինչպես նաև վառարանի գործարկման համար օգտագործել չնախատեսված վառելանյութ,
3) ծխահեռացման համար օգտագործել օդափոխման և գազային անցուղիները:

Շենքերում, շինություններում (բացի բնակելի տներից) աշխատանքի ավարտից ոչ պակաս, քան երկու ժամ առաջ վառարանների գործարկումը պետք է դադարեցվի, իսկ մարդկանց շուրջօրյա ներկայությամբ օբյեկտներում՝ հիվանդանոցներում, գիշերօթիկ դպրոցներում, մանկատներում և այլ օբյեկտներում, քնելուց երկու ժամ առաջ:

Մանկական կազմակերպություններում, որտեղ երեխաները միայն ցերեկային ժամերին են լինում, վառարանների գործարկումը պետք է սկսել երեխաների գալուց մեկ ժամ առաջ:

Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող մետաղյա վառարանների տեղադրում չի թույլատրվում:

Հանրակացարաններում, վարչական, հասարակական շինություններում, ինչպես նաև բնակելի տներում ժամանակավոր մետաղյա և այլ վառարաններ տեղադրելիս պետք է կատարվեն արտադրող կազմակերպությունների ցուցումները, ջեռուցման համակարգերին ներկայացվող նախագծման նորմերի պահանջները: Գազով աշխատող ջեռուցման համակարգերը պետք է լինեն համապատասխան սերտեֆիկատ ունեցող գործարանային արտադրության և դրանց շահագործումը պետք է իրականացվի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջների համաձայն:

Վառարաններից մինչև գույքը, դարակաշարերը, ցուցափեղկերը, վաճառասեղանները, պահարանները և այլ սարքավորումներն ընկած հեռավորությունը պետք է լինի 0.7 մ-ից ոչ պակաս, իսկ հնոցի անցքերից՝ ոչ պակաս, քան 1.25 մ:

Ձեղնահարկերով անցնող ծխահեռացման հորանների, անցուղիների պատերը պետք է սպիտակեցվեն:

Պինդ վառելիքով աշխատող կաթսայատների ծխնելույզները պետք է սարքավորված լինեն կայծմարիչներով և մաքրվեն մրից:

Շենքերի ներկառուցված կաթսայատներում չի թույլատրվում պինդ վառելիքի փոխարեն հեղուկ վառելիքի օգտագործումը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել