Բանակային տարիներին անցկացրած ամանորներն ամենատպավորիչն են եղել. փաստաբան

«Մեծ հաշվով, յուրաքանչյուր Ամանոր առանձնանում է իր յուրահատկությամբ՝ անցած տարին իմաստավորելու, նոր տարին նոր հույսերով սկսելու համար»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Սակայն վերջինիս համար բանակային տարիներին անցկացրած ամանորներն ամենատպավորիչն են եղել. «Լրիվ այլ էր, երբ հրամանատարության, ծառայակից ընկերների հետ միասին զորամասում դիմավորում էինք Ամանորը: Դա իսկապես այլ զգացողություն էր՝ պարուրված ընտանիքի և հայրենիքի սիրով»:

Խոսելով ընտանեկան ավանդույթների մասին՝ փաստաբանը նշեց. «Ամեն Նոր տարի մենք չորս եղբայրներով հավաքվում ենք մեր հայրական տանը՝ ծնողներիս հետ դիմավորելու նոր տարին, ինչն անկասկած բոլորիս միավորելու, նոր ռիթմով տարին սկսելու հաճելի վիճակ է ստեղծում բոլորիս համար: Եթե այդպես կարելի է ասել, ավանդույթ է նաև այն, որ ես առհասարակ հազվադեպ եմ օգտագործում ալկոհոլ, սակայն հունվարի 1-ին, արդեն քանի տարի, հորեղբորս հետ միասին, խախտում ենք մեր չխմելու իրավունքը և իրենց տանը մի լավ քեֆ-ուրախություն ենք կազմակերպում»:

Իրավաբան.net-ի զրուցակիցը  արդեն վաղուց  Ձմեռ պապիկից որևէ  նվեր չի ստացել, սակայն ժպիտով է պատմում մանկության տարիներին ստացած ամանորյա նվերների մասին. «Մանկության տարիների ամենահիշվող նվերը, ըստ էության, բարձի տակից հանած խաղալիք մեքենաներն էին կամ խաղալիք հրացանները, որոնք ինձ շատ էին ուրախացնում»:

Այս տարի Ամանորից փաստաբանը ցանկանում է, որ Ձմեռ պապիկը նախևառաջ արդարացնի բոլոր փոքրիկների սպասելիքները, քանի որ վերջիններս սրտատրոփ սպասում են իրենց ամանորյա նվերին. «Դրանից զատ կցանկանայի նաև, որ Ձմեռ պապին մեր երկրին խաղաղություն բերեր, որ գալիք տարին լիներ հաջողությունների տարի, և բոլորի ընտանիքներում իշխեր երջանկությունը և սերը»,- ապա, եզրափակելով խոսքը, հավելեց. «Մի քիչ էլ արդարություն բերեր հետը»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել