«Այն ժամանակ Աղվան Հովսեփյանն էր Վարշամին հովանավորում»․ առևանգված տղամարդը նոր մանրամասներ է հայտնում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ նոյեմբերի 5-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին հարցաքննվեց երկրորդ վկան՝ Հովհաննես Եղիազարյանը։

Դատախազ Կորյուն Սերոբյանը հարցեր ուղղեց Եղիազարյանի և գործով տուժող Վարշամ Ղարիբյանի հետ նախկինում ունեցած միջադեպի վերաբերյալ։

– Ասացիք՝ Վարշամ Ղարիբյանը Ձեր ազգականն է, նա Ձեզ հետ երբևէ առնչություն ունեցե՞լ է՝ կապված քրեական գործով դատավարական կարգավիճակներ ունենալու հետ, նրա հետ խնդիրներ ունեցե՞լ եք։

– Էդ ժամանակ նոր էինք մենք բարիշել, բայց էդ ժամանակ ինձ գողացել, տարել էին։ 16 տարի անցել ա, ես չեմ կարա հիշեմ, հիմա պատմեմ։

– Իսկ Ձեր գործով դատ եղե՞լ ա։

– Հա, ոնց չի եղել, 12 տարի։

– Իսկ ինչ-որ մեկը դատապարտվե՞լ ա։

– Չէ։

– Կասե՞ք՝ Վարշամ Ղարիբյանի վերաբերյալ հաղորդում ներկայացրե՞լ եք նախկինում, թե՞ ոչ։

– Ասենք ի՞նչ հաղորդում։

– Ասեցիք՝ առևանգել են Ձեզ։

– Հա։

– Այ էդ առևանգման վերաբերյալ հաղորդում ներկայացրե՞լ եք, թե՞ ոչ։

– Հա, բա դրանով դատ ա գնացել։

– Այ էդ հանգամանքները կներկայացնե՞ք։

– Չեմ հիշի, շատ դատեր են գնացել։ Տնից՝ դռան դեմից, առևանգել, տարել են։

– Ո՞վ։

– Վարշամ Ղարիբյանը։

– Միայնա՞կ է եղել, թե՞ հետը էլի մարդիկ են եղել։

– Թիկնապահի հետ։

Դատախազի հարցին, թե ինչու են առևանգել, վկան ասաց․ «Շանթ ֆիրմային վերաբերող մեքենայի համար, որ մեքենան մի աղբորից փոխանցել եմ մյուս աղբորը»։

Վկան դատարանում հայտնեց, որ այդ գործով հսկող դատախազին հիմա չի հիշում, իմացել է, որ Աղվան Հովսեփյանն այդ ընթացքում Գլխավոր դատախազ է եղել։ Նա նաև նշեց, որ Աղվան Հովսեփյանի ու Վարշամ Ղարիբյանի մտերմության մասին երբևէ տեղեկացված չի եղել։

Դատախազը նաև հարցրեց, թե որևէ մեղադրանք նշված գործով Վարշամ Ղարիբյանին արդյոք առաջադրվել է, վկան ասաց՝ նրան էլ են կանչել քննության, հետո դատարանում գործը կասեցվել է` պատճառաբանելով, որ Ղարիբյանը մեղավոր չէ։

Հանրային մեղադրողը նաև հարց ուղղեց, թե հնարավոր է, որ քննիչներն ասած լինեն, թե անհնար է Վարշամ Ղարիբյանը դատվի, վկան պատասխանեց՝ իր մոտ նման բան չէին ասի։

– Իսկ Ձեր գործով երբևէ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղե՞լ են, հիշո՞ւմ եք։

– Չեմ հիշում։

– Վարշամ Ղարիբյանի հետ ե՞րբ եք հաշտվել։

– Պատահական, երևի 1 տարի առաջ։

– Էս գործով քննիչի մոտ հարցաքննվելուց հետո՞, թե՞ առաջ։

– Հարցաքննվելուց 1 տարի հետո։

Դատախազը ներկայացրեց ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները, որտեղ ներկայացվել է վկա Հովհաննես Եղիազարյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքը, նշվել, որ գործը մի քանի անգամ կարճվել է, նախաքննական մարմինը համարել է, որ հանցագործություն տեղի չի ունեցել, Եղիազարյանին մարմնական վնասվածքներ չեն պատճառվել։

«Ղարիբյանների ընտանիքում ծագած գզվռտոցների պատճառը Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է, որը հովանավորում է Վարշամ Ղարիբյանին, փորձում է նրանց ունեցվածքը վերաբաշխել, աչք է փակում Վարշամ Ղարիբյանի արարքների վրա»,-նշեց դատախազը՝ հղում կատարելով համապատասխան հրապարակմանը։

Դատախազի այն հարցին՝ արդյոք համաձայնեցվում էր դիմումի, բողոքի բովանդակությունը, թե ոչ, վկան ասաց՝ չի հետաքրքրվել, ասել են ստորագրի, ստորագրել է։

Այս նիստին հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որով Եղիազարյանը հայտնել է՝ նշված գործով քննիչի կողմից օբյեկտիվ քննություն չի իրականացվել, քանի որ եղել է ապօրինի ազդեցություն։

Վկան նախաքննական մարմնում հետևյալ բովանդակությամբ ցուցմունք է տվել․ «Ես այդ գործով ճանաչվել եմ տուժող, հարցաքննվել եմ, որի ընթացքում նաև քննիչին հայտնել եմ, որ դեպքից հետո Վարշամը պատրաստվում է մեկնել ՀՀ-ից, այդ մասին ներկայացրել եմ նաև դիմում, սակայն Վարշամի կողմից կատարած հանցագործության պայմաններում քննիչը վերջինիս հարցաքննել է վկայի դատավարական կարգավիճակով, այնինչ եղել են բոլոր հիմքերն ու ապացույցները նրան ձերբակալելու և կալանավորելու համար։ Ոստիկանությունը և քննչական բաժանմունքը վախենում էին Վարշամից, քանի որ այն ժամանակ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և Վարշամ Ղարիբյանը ընկերներ էին, Աղվան Հովսեփյանն էր Վարշամին հովանավորում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս պահին շարունակվում է նախկին Գլխավոր դատախազի գործով վկաների հարցաքննությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել