«Եթե ձեր նվերը ինձ՝ քաղաքականությունից ընդմիշտ հեռանալը չէ՝ շնորհավորանքի կարիք չկա»․ Քրիստինե Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքին

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ծննդյան օրն է, և պատգամավորները ծափողջյուններով շնորհավորեցին նրան։

Ի պատասխան Վարդանյանն ասաց․ «Եթե ձեր նվերը ինձ՝ քաղաքականությունից ընդմիշտ հեռանալը չէ՝ շնորհավորանքի կարիք չկա։ Հիմա․ նախ, ես ողջյունում եմ այդ անկեղծությունը, որով դուք հայտարարեցիք, որ կադաստրի կողմից վկայական ունենալը դա դեռևս որևէ բան չի նշանակում, և դա չի նշանակում, որ դա Հայաստանի Հանրապետություն է, ես ուզում եմ, որ սա լսի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, նրանք թող իմանան, որ երբ հերթը հասնի իրենց տանը, գան, ցույց տան, որ իրենք վկայական ունեն, դուք սառնասիրտ դեմքով ասելու եք՝ դա հիմք չի, որևէ բան չի նշանակում»։

Պատգամավորը նշեց, որ քարտեզների խառնաշփոթը իշխող ուժն է ստեղծել․ «Դուք մտել եք պրոցեսի մեջ, տարել եք բանակցությունները, եկել, հարցնում ենք՝ ո՞ւր է այդ 1975 թվականի քարտեզը, ինչի՞ դա չեք ֆիքսել սահմանագծման, սահմանազատման կանոնակարգի հիմքում, դուք պտտվում եք, ապշած մեզ եք նայում, ասում եք՝ ի՞նչ քարտեզ»։

Վարչապետ Փաշինյանը նշեց՝ չնայած նրան, որ այսօր Քրիստինե Վարդանյանի ծննդյան օրն է, դա չի նշանակում, որ վարչապետն ասել է՝ կադաստրի թուղթը ոչ մի բան չի նշանակում․«Ես ասել եմ կան կոնկրետ դեպքեր, երբ ապօրինի կադաստրի թուղթ է ի հայտ գալիս, երբ մարդիկ նույնիսկ իրենց չպատկանող տները խարդախ մեխանիզմի արդյունքում վաճառում են»։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել