Հայցադիմումի պատասխանը ներկայացնելու կարգը

Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը:

Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխանն ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:

Հայցադիմումի պատասխանը պետք է բովանդակի`

1) նշում այն մասին, որ պատասխանը ներկայացվում է վարչական դատարան.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) պատասխանողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի (իրավաբանական անձի), ինչպես նաև այդ անձի (իրավաբանական անձի) անունը, ազգանունը (անվանումը), պաշտոնը.
4) պատասխանի էությունը (հակիրճ նկարագրությունը).
5) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը:

Առարկելու դեպքում դիրքորոշումը պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին.

1) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում.
2) նշում այն մասին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
3) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:

Պատասխանում կարող են ներառվել`

1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները.
2) պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն:

Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու մասին, գրավոր կամ իրեղեն ապացույց թույլատրելու մասին, դատարանի կողմից փորձագետ նշանակելու մասին.
2) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա է կրում դրանց ապացուցման պարտականությունը, և եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին.
3) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է պատասխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով).
4) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց` փաստաթղթերի հատուկ առաքման կարգին համապատասխան ուղարկելը հավաստող ապացույցները:

Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է լիազորագիրը կամ նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող այլ փաստաթուղթ:

Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել