Իրանի վրա Իսրայելի ցանկացած հարձակում «կարմիր գիծ» է և դրան կհետևի համաչափ պատասխան, սակայն Թեհրանը չի շտապի, շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, գրում է РИА Новости-ն։
«Եթե Իսրայելը հարձակվի մեզ վրա, մենք լիովին պատրաստ ենք պատասխանելու, բայց մենք հուսով ենք, որ Իսրայելը չի փորձարկի մեր պատրաստվածությունը: Մենք չենք հրաժարվի սիմետրիկ պատասխանից, չենք հապաղի, բայց և չենք շտապի»,-ասել է Արաղչին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելը 19 օր անց դեռևս չի հարվածել Իրանին, Արաղչին նշել է Թել Ավիվի վրա միջազգային հսկայական ճնշումը։
«Լուրջ հավանականություն կա, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմ կսկսվի… Տարածաշրջանի երկրները զգալի դիվանագիտական ջանքեր են գործադրում տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Կարծում եմ, որ դիվանագիտությունը պետք է օգտագործվի Իսրայելի հարձակումները դադարեցնելու և հայտարարելու զինադադար՝ տարածաշրջանում լայնածավալ ողբերգությունը կանխելու համար»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։