ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը՝ որպես կարևոր գործընթաց, միանշանակ կարելի է դրական քայլ համարել, և քանի որ արդեն առարկայական ու շոշափելի արդյունքների նախաձեռնման գործընթաց է սկսվել, դա նշանակում է, որ ՀՀ-ն որոշ չափանիշներով ավելի մոտ է դարձել Եվրամիությանը, ինչը հնարավոր է դարձնում վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսությունն ավելի գործնական դարձնելը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքն է հայտնել քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։
«Այդուհանդերձ, պետք է հասկանալ, թե ինչ ժամկետների մասին է խոսքը։ Այնունամենայնիվ, դա հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին ունենալ հասանելիություն Եվրոպական երկրներ անարգել այցելելու առումով, հետևապես նաև փորձի փոխանակման, մշակույթի, տնտեսական համագործակցության տեսանկյունից ավելի կդյուրացնի գործընթացն ու ավելի հավանական կդարձնի հետագայում Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը»,- ասաց Օրդուխանյանը։
Քաղաքագետը ուշադրություն դարձրեց նաև հնարավոր ռիսկերի վրա՝ ընդգծելով, որ եթե այդ ճանապարհով ունենանք արտագաղթի տեմպերի աճ, ապա դա կունենա բացասական ազդեցություն, իսկ եթե ամեն ինչ լինի վերահսկելի, այդ պարագայում կկարողանանք խոսել բացառապես օգուտների մասին, ինչը նաև մեր երկրին առհասարակ կբերի նոր հնարավորություններ։
«Եթե ունենք եվրոպական ինտեգրման նպատակ, և դա ռազմավարական շահ է, ապա այդ պարագայում վիզաների ազատականացումը, բնականաբար, մեր քաղաքացիներին թույլ տա Եվրոպան ավելի լավ ճանաչել, ոչ թե ունենալ լոկ հեռավար պատկերացում։ Այսինքն՝ դա ենթադրում է անմիջական շփումներ, ակտիվ համագործակցություն, ինչը հետագայում ավելի կհեշտացնի ինտեգրման գործընթացը»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով այն հարցին, թե հաշվի առնվու՞մ են արդյոք հնարավոր ռիսկերը, մասնավորապես՝ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների հնարավոր ձախողումը, քաղաքագետը շեշտեց, որ հարցը գտնվում է փոխադարձ ազդեցությունների տիրույթում։
«Եթե Հայաստանը բավարարում է որոշակի չափանիշների, դա հնարավոր է դարձնում վիզաների ազատականացումը, իսկ եթե ինչ-որ պահի արձանագրվի որոշակի հետընթաց, ապա գործընթացը կարող է վերանայվել, ինչպես օրինակ Վրաստանի պարագայում, որտեղ ԵՄ-ի հետ առկա հարաբերություններում որոշ հարցեր ավելի սերտ փոխգործակցության առումով մտնում են վերանայման փուլ, նույնիսկ հարևան երկրի դեպքում խոսվում է վիզաների ազատականացման որոշումը վերանայելու մասին։ Հայաստանը պետք է ձգտի պահպանել, իսկ հետո՝ բարձրացնել այն նշաձողը, որին հասել է։ Միայն այդ պրագայում գործընթացը կդառնա իրատեսական։ Մեզ մոտ ռիսկերը քաղաքական գործընթացի մեջ վերահսկելի են։ Եթե մեր ժողովուրդը հավատարիմ է եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու արևմտյան աշխարհի մնացյալ քաղաքակրթական սկզբունքներին, այդ դեպքում ներդաշնակ զարգացումը շարունակվում է, և այդ պայմաններում ռիսկերը չեզոքացվում են։ Հակառակ դեպքում գործընթացը կդանդաղի կամ առհասարակ բացասական արդյունքների դեպքում ամբողջությամբ կկասեցվի»,- մանրամասնեց Օրդուխանյանը։
Դիտարկելով ԵՄ-ի կողմից ՀՀ քաղաքացիների՝ քաղաքական ապաստան խնդրելու հայցերի մերժման խնդիրը՝ քաղաքագետը նշեց, որ ապաստանի հայցումը սովորաբար ընդունված է ավտոկրատական պետություններից քաղաքացիների արտահոսքի դեպքում, բայց եթե Հայաստանը պահպանի իր դեմոկրատական կերպը և շարունակի ընթանալ զարգացման ճանապարհով, բնականաբար, այն պատրվակով հայցերը, թե իբր երկրում կան բռնաճնշումներ, առկա է ավտորիտար վարչակազմ և քաղաքացիներն իրենց քաղաքական հայացքների համար ճնշվում են, արդեն չեն ունենա հիմնավոր փաստարկներ՝ եվրոպական երկրներում քաղաքական ապաստան հայցելու համար։
«Ապաստանի հայցերի զգալի մասի մերժումը վկայում է, որ Հայաստանը գնալով բարելավում է իր ժողովրդավարական ցուցանիշները, հետևապես թեկուզ արհեստական կամ կեղծ հիմքերով ապաստանի հայցումը հետագայում սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից չի կարող ընդունվել որպես հավատարժան փաստարկ։ Ամեն ինչ տեղի է ունենում զուգահեռաբար։ Սա նաև ապօրինի արտագաղթի կանխման նախապես մշակված մեխանիզմ է, որը նաև հետագայում վերահսկելի է դարձնում այդ ռիսկը»,- նշեց քաղաքագետը։
Օրդուխանյանի դիտարկմամբ՝ նույնիսկ եթե վիզաների ազատականացումը դառնա իրականություն, այդ դեպքում կպահպանվեն որոշակի իրավակարգավորումներն ու սահմանափակումները։ Ըստ նրա՝ գործընթացը սկզբնական փուլում տեղի կունենա մասնակիորեն, և բոլորի համար հավասարապես չի ընթանա, ինչը թույլ կտա իրականացնել մոնիթորինգ և հասկանալ, թե ընդունված որոշումը որքանով է արդարացի և որքանով է արդյունավետ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում։
«Ականատես կլինենք քայլ առ քայլ արվող գործընթացի։ Ամեն ինչ միանգամից չի բացվի։ Բացառություն կարվի որոշակի կատեգորիաների համար։ Օրինակ՝ եթե մարդիկ ունեն տնտեսական գործունեություն ծավալելու հետ կապված կապեր, եթե գիտակրթական շրջանակների միջև կա փոխայցերի և փորձի փոխանակման անհրաժեշտություն, որպեսզի նրանց տեղաշարժը լինի ավելի հեշտ, նրանք եվրոպական երկրներ կմեկնեն առանց հավելյալ սահմանափակումների։ Հետագայում, եթե գործընթացն արձանագրի դրական արդյունքներ, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար վիզաները կազատականացվեն ամբողջությամբ»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Հայաստանում մեկնարկած ստորագրահավաքին՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ՝ Օրդուխանյանն ընդգծեց, որ այդ գործընթացը նույնպես դրական է, քանի որ դրանով զբաղվում են արտախորհրդարանական ուժերը, որոնք ունեն դեմոկրատական ձգտումներ, և հասարակության մեջ կա նաև այդ օրակարգի որոշակի պահանջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։