Մոր առողջական խնդիրների պատճառով զինծառայողը կատարել է անդամախեղում

Կարեն Գ․-ին մեղադրանք է առաջադրվել անդամախեղում կատարելու միջոցով ծառայողական պարտականությունները չկատարելու համար։

Iravaban.netը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։

Կոչումով շարքային Կարեն Գ․-ն՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված մոր առողջական խնդիրների պատճառով կատարել է անդամախեղում՝ երկաթյա կտորով ձախ դաստակի շրջանում կատարել է քերվածքներ, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն։

Բացի այդ, մոր առողջական խնդիրների պատճառով 2022թ․ հուլիսի 13-ին՝ Երևանի կայազորային հոսպիտալից Զանգեզուրի կայազորային հոսպիտալ տեղափոխելիս, ավտոմեքենայի մեջ ձախ նախաբազկի ներսային և նախադաստակի թիկնային մակերեսներում եղունգներով կատարել է անդամախեղում, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն։

Գործը դատարան է ստացվել այս տարվա սեպտեմբերի 12-ին և մակագրվել դատավոր Վարսենիկ Մելքոնյանին։

Որոշում է կայացվել մեղադրյալի  նկատմամբ խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը։

Կարեն Գ-ն․ և վերջինիս պաշտպան Սարմիկ Հարությունյանը ներկայացրել են արագացված վարույթ կիրառելու միջնորդություն, որը բավարարվել է։

Դատարանը վճռել է Կարեն Գ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 15 օր ժամկետով։

Կարեն Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել կարճաժամկետ ազատազրկում՝ 15 օր ժամկետով։

Պատիժները լրիվ գումարելու միջոցով Կարեն Գ․-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել կարճաժամկետ ազատազրկում 1 ամիս ժամկետով։

Մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։

Բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել