«Երբ կգա մեր ասելիքի ժամանակը, մենք անպայման կասենք». Արման Դիլանյանը` Հրայր Թովմասյանի գործի մասին

«Եթե մի միջազգային պայմանագիր պետք է վավերացվի, չի կարող առանց Սահմանադրական դատարանն անցնելու գնա վավերացման»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատարանի նախագահ Արման Դիլանյանը։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը սկսել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը, որը սկսվել է 11։00-ին։ Զեկուցողներ են նշանակվել ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Դավիթ Խաչատուրյանը և Էդգար Շաթիրյանը։ Գործի դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով։

«Եթե կա մի միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն այն Հայաստանի համար իրավական ուժ չունի»,-նշեց նա՝ հավելելով, որ ՍԴ-ն իր հեղինակավոր խոսքը կասի կանոնակարգի մասին, կորոշի՝ այն հակասում է Սահմանադրությանը, թե ոչ։

Անդրադառնալով ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, Դիլանյանը նշեց, որ որպես քաղաքացի ուշադիր հետևում է իրադարձություններին, սակայն որևէ կերպ չի միջամտում քրեական գործի քննությանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում հրապարակվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով վերդիկտը։ դատարանը Թովմասյանին մեղավոր ճանաչեց 2 դրվագով, սակայն ազատեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ։

«Իսկ որպես ՍԴ նախագահ, դատարանի դատավոր, երբ որ կգա մեր ասելիքի ժամանակը, մենք անպայման կասենք»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել