«Ճիշտ չէ չունենալ մեկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը»․ Գեղամ Նազարյանն առաջարկում է հիշատակի նոր օր սահմանել

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ խոսքը սեպտեմբերի 27-ի մասին է։ Պատգամավորն առաջարկում է այդ օրը բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանել։

Նշենք, որ Նազարյանի որդին՝ Աբգարը, զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։

Պատգամավորը հիմնավորման մեջ նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում կտեղծվեն իրավական հիմքեր բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի քաջաբար մարտնչած և երկրային կյանքը զոհաբերած զինվորների, զինվորականների, աշխարհազորայինների հիշատակը հարգելու համար․ «Մեկ օրվա ընթացքում մենք կհիշենք մեր երկրի բոլոր ժամանակների հերոսներին, քաջերին, այդ թվում և Առաջին Արցախյանի հերոսներին, Քառօրյա պատերազմի քաջերին, այնպես էլ 44-օրյա պատերազմի նահատակներին: Պետության կողմից պաշտոնապես հիշատակի օր սահմանելը նաև հսկայական դաստիարակչական նշանակություն կունենա և դրական նշանակություն կունենա երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի հաստատմանը

․․․Ունենալով հարուստ պատմություն, ունենալով անթիվ անհամար հերոսներ, որոնք կռվել և զոհվել են հանուն հայրենիքի, մեղմ ասած, ճիշտ չէ չունենալ մեկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել