Նախագահի ընդունած ո՞ր ակտերն են հրապարակման ենթակա

Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրություններն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե «Իրավական ակտերի մասին» օրենքով այլ բան նախատեսված չէ:

Պատերազմ հայտարարելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված հարցերով (1. Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով արձակում է Ազգային ժողովը և նշանակում արտահերթ ընտրություն, 2. Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, 3. սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրություններն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի անհատական հրամանագրերը և կարգադրությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից և ուժի մեջ են մտնում ստորև նշված ժամկետներում և կարգով:
Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց անհատականիրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ «Իրավական ակտերի մասին» օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով:

Հայաստանի Հանրապետության Նախագահի անհատական հրամանագրերը և կարգադրությունները, դրանցով նախատեսված դեպքերում, կարող են ուժի մեջ մտնել ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահի` հրապարակման չուղարկված անհատական հրամանագրերը և կարգադրությունները կարող է հրատարակել իրավական ակտերը հրատարակող մարմինը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի` հրապարակման ենթակա հրամանագրերը և կարգադրությունները հրապարակման է ուղարկում Հայաստանի Հանրապետության Նախագահը` դրանց ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել