Ի՞նչ իրավունքներ ունի դատապարտյալը

Դատապարտյալն իրավունք ունի՝
մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների, դատարանի նշանակած պատժի կատարման կարգի և պայմանների, դրանց փոփոխությունների, առաջարկությունների, դիմումների և բողոքների, ինչպես նաև միջազգային համապատասխան փաստաթղթերի մասին.
իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.
իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմ, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ.
առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու.
սոցիալական ապահովության.
իրավաբանական օգնություն ստանալու.
անձնական անվտանգության ապահովման.
մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության.
արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ վարելու նամակագրություն, ունենալու տեսակցություններ, օգտվելու հեռախոսակապից, գրականությունից և հնարավոր լրատվական միջոցներից.
հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը.
իր անվամբ կամ ազգանվամբ կոչվելու.
անձնական ընդունելության խնդրանքով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին, այդ մարմնի կամ հիմնարկի գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ.
քաղաքացիաիրավական գործարքների մասնակցելու.
հնարավոր և օրենքով նախատեսված կրթություն ստանալու, ստեղծագործ աշխատանքով զբաղվելու.
պատիժը կատարող հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերելու լրացուցիչ սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ.
դրամական փոխանցումներ, հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու:
Դատապարտյալին կարող են վերապահվել օրենքով սահմանված այլ իրավունքներ:
Օտարերկրյա քաղաքացի դատապարտյալն իրավունք ունի կապեր հաստատելու և պահպանելու Հայաստանի Հանրապետությունում իր պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ: Այն դատապարտյալը, ով Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն չունեցող երկրի քաղաքացի է, ինչպես նաև փախստականը կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալն իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որը ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ:
Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պատիժը կատարելու ընթացքում, ապահովում է դատապարտյալի նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցների օրինականությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել