«Այս դատավարությունը Հրայր Թովմասյանի մասին չէ, հետևաբար իմ պաշտպանական ճառն էլ չի լինելու միայն Հրայր Թովմասյանի մասին»․ Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր` սեպտեմբերի 11-ին, շարունակվում է արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը, որը նախագահում է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Այս նիստին պաշտպանական ճառով է հանդես գալիս մեղադրյալ Հրայր Թովմասյանը։ Նա իր ճառը սկսեց հետևյալ կերպ․

«Իմ գիտակից կյանքում ես հրապարակային խոսք եմ գրել, խմբագրել, անկեղծ լինելու համար պիտի ասեմ նաև, որ ուրիշի հրապարակային խոսքերն եմ խմբագրել, և որևէ մեկի դեպքում դժվարություններ չեմ ունեցել։ Ինձ համար միանշանակ է եղել՝ ինչ եմ ուզում ասել, ում է հասցեագրված իմ խոսքը, և որոնք են իմ ակնկալիքները»։

Պաշտպանական ճառի նպատակային կողմին անդրադառնալով՝ Թովմասյանն ասաց, որ դասական առումով ճառի նպատակը պետք է լինի դատավորին քո անմեղության մեջ համոզելը, դատախազների բերած հիմնավորումները հերքելը․ «Եթե նպատակը դա է, կարծում եմ՝ դատավարությունը սկսելիս ես իմ նպատակին արդեն հասել եմ՝ առանց որևէ խոսք ասելու, որովհետև բոլորն ամեն ինչ գիտեն»։

«Ինձ նույն հիմնավորումներով կարող էին մեղադրել ոչ միայն գոյություն չունեցող 308 հոդվածի 2-րդ մասով, այլ Քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով։ Այս դատավարությունը որևէ առնչություն չունի մեղսագրվող արարքի կամ 308 հոդվածի 2-րդ մասի հետ։ Իմ փոխարեն ոչ միայն հոդվածը կարող էր փոխվել, այլև իմ փոխարեն այստեղ կարող էր լինել յուրաքանչյուր ոք, ով 2018,  2019, 2020 թվականներին կլիներ ՍԴ նախագահ և կդրսևորեր այն վարքագիծը, որ ես այդ տարիներին դրսևորել եմ։

Այս դատավարությունը Հրայր Թովմասյանի մասին չէ, հետևաբար իմ պաշտպանական ճառն էլ չի լինելու միայն Հրայր Թովմասյանի մասին։ Դատավարության սկիզբը, ընթացքն ու ավարտը շատ ավելի խորքային են, ու այս դատավարության ավարտից հետո էլ հետևանքներն ավելի են խորանալու»,-ասաց Թովմասյանը։

«Եթե չիմանայի սույն դատավարության նպատակը, պատճառը, ակնկալիքն ինչ է, ապա այս ողջ դատավարությունը կլիներ դեժավյու»,-ասում է Թովմասյանը՝ դատավարության և Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործության հետ զուգահեռներ տանելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել