ԱԺ նախագահի խոսնակը՝ Ալեն Սիմոնյանի «հարստության» և Երևանի կենտրոնում դղյակներ ունենալու վերաբերյալ

Հերթական ապատեղեկատվությունն է հրապարակվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հարստության» և Երևանի կենտրոնում իբր դղյակներ ունենալու վերաբերյալ։ Այս մասին հրապարակում է կատարել Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

«Ալեն Սիմոնյանին «մեծահարուստի» պիտակ տալու փնտրտուքի ճանապարհին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից այսօր կրկին անդրադարձ է կատարվել երկուսուկես տարի առաջ գնված ու Ջրվեժ գյուղում գտնվող Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող տանը, որի շուկայական արժեքը գնման պահին կազմել է 135 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, չնայած «Ժողովուրդ» օրաթերթն այն ներկայացնում է որպես 215 հազար ԱՄՆ դոլարով ձեռքբերված դղյակ։ Հավելենք, որ տան ձեռքբերման վերաբերյալ առկա է թե՛ առուվաճառքի պայմանագիրը, և թե՛ վաճառողի հայտարարագրում է հրապարակված ու բոլորին է հասանելի այդ ինֆորմացիան։

Ստացվում է, որ ընտանեկան տունը փորձելով վերագրել միանձնյա Ալեն Սիմոնյանին ու նպատակ ունենալով նրան ներկայացնել որպես ապօրինի հարստացած անձ, կայքը խեղաթյուրել է ձեռքբերված տան իրական գինը և սխալ արժեք հրապարակել։

Նյութում անդրադարձ կա նաև Ալեն Սիմոնյանի ու իր կնոջ կողմից ձեռքբերված բնակարանին, որտեղ, սակայն, չի նշվում ոչ մի խոսք այն մասին, որ նրանք, ինչպես Հայաստանում շուրջ հիսուն հազար մարդ, այդ բնակարանը ձեռք են բերել պետության կողմից իրականացվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի շնորհիվ։

Նյութին ավելի մեծ ինտրիգ տալու նպատակով դրա հեղինակը շեշտել է, որ վարկ տրամադրող բանկը պատկանում է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Կարծում ենք, որ թե՛ նյութի հեղինակ լրագրողը, թե՛ Սերժ Սարգսյանի ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Թագուհի Թովմասյանը պետք է իմանային, որ ՀՀ-ի տարածքում գործող բոլոր բանկերի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ ԿԲ-ի կողմից, դրանք ենթարկվում են նույն չափանիշներին, գրեթե իրարից չեն տարբերվում և չեն կարող փոփոխվել բանկի աշխատակցի կամ սեփականատիրոջ ցանկությամբ։

Ժողովուրդ օրաթերթի (Armlur.am կայքի) խմբագրությանը կոչ ենք անում հեռացնել կամ խմբագրել նյութում առկա զրպարտող, մանիպուլացնող և կեղծ պնդումները՝ բացառելով վեճի հետագա ընթացքն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել