Խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթներից մեկով նախատեսվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Փաշինյան

Ուզում եմ միանգամից անդրադառնալ այս լսարանին հետաքրքրող հարցին՝ հնարավո՞ր է արդյոք տևական ու կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում ու իրատեսակա՞ն է արդյոք: Այս մասին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա հարց է, որին միայն ՀՀ-ն չպետք է պատասխանի։ Ես կփորձեմ պատասխանել մեր բաժին հարցին ու կպատասխանեմ ՀՀ-ի դիտանկյունից: Ըստ այդմ, տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է»,- ասաց նա:

Փաշինյանը կետերով ներկայացրեց այդ դիրքորոշման հիմնավորումները:

«Առաջինը պետք է անդրադառնամ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններին: Վերջին շրջանում շատ եք լսել, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, այդ մասին եղել են հայտարարություններ, և ուզում եմ գործնականում նշել, թե ինչ է դա նշանակում: Այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի առկա արդյունքներով համաձայնեցված են 13 հոդված ու նախագծի նախաբանը, ևս 3 հոդված, որոնք բաղկացած են 2 նախադասությունից, մասնակի համաձայնեցված են՝ մեկը համաձայնեցված է, մյուսը՝ ոչ:

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները ներառում են հարաբերությունների միջազգայնորեն ընկալելի հարաբերությունների հաստատման անկյունաքարային դրույթները: Հաշվի առնելով դա՝ ՀՀ-ն առաջարկել է վերցնել այն, ինչն այս պահին համաձայնեցված է, ու ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ: Մանավանդ, որ համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին հնարավորություն կտա համատեղ շարունակել քննարկումները: Համաձայնեցված դրույթներից մեկով նախատեսվում է նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ուզում եմ վերահաստատել իմ պատրաստակամությունն առաջիկա հնարավոր ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը», – ասաց Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել