Քննարկվել են փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտներին և այլ թեմաներին վերաբերող հարցեր

Մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Պաշտպանի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները։

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում։ Այս համատեքստում կարևորվել է Պաշտպանի հաստատության և Փաստաբանների պալատի միջև ձևավորված ամուր համագործակցությունն ի շահ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության։

Պաշտպանը նշել է, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտներին, բռնի տեղահանված անձանց իրավական աջակցության խնդիրներին, իրավաբանական օգնության նկատմամբ կիրառվող հարկային փոփոխություններին առնչվող  և մի շարք այլ հարցեր։

Ի թիվս այլնի, զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հնարավոր ուղղություններին և համատեղ միջոցառումների իրականացմանը։

Իր հերթին, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել