Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ինքնասնանկության դիմումի հետ

Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու նպատակով դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում են (իսկ օրենքով սահմանված դեպքերում պարտապանը պարտավոր է ներկայացնել) հետևյալ փաստաթղթերը`
ա) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը` համաձայն վերջին գույքագրման արդյունքների (դրա առկայության դեպքում), ներառյալ` կապիտալ և ֆինանսական ներդրումները, հիմնական և շրջանառու միջոցները, ինչպես նաև ոչ նյութական ակտիվները և նշված կազմին չպատկանող այլ միջոցները.
բ) պարտապանի պարտատերերի և պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար) ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորությունները.
գ) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները.
դ) եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է, ապա մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և պետական գրանցման տվյալները.
ե) պարտապանի հայտարարությունը` ֆինանսական առողջացման մտադրության մասին.
զ) տեղեկություններ (ապացույցներ) այլ գույքային իրավունքների մասին:

Եթե պարտապանը մտադիր է ֆինանսական առողջացման ենթարկվել, ապա նա կարող է դիմումին կից ներկայացնել նաև օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:

Վերը նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում պարտապանը պարտավոր է դրա վերաբերյալ պատճառաբանված հիմնավորում ներկայացնել դատարան: Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու հետ կապված բոլոր ռիսկերը կրում է պարտապանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել